ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը Հայստանում ստեղծված իրավիճակի մասին խոսել է ապրիլի 28-ին միջազգային լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հայտարարել է, որ իշխանության մենաշնորհումը և ուժեղացված ընդդիմության դերի թերագնահատումը եղել են իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները:
«Կարծում եմ, որ հիմնական խնդիրն այն է, որ Հանրապետական կուսակցության կողմից չի հասկացվել մեկ քաղաքական կուսակցության՝ իշխանությունը մենաշնորհելու վտանգը: Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք: Երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն:», - ասել է նա:
Միևնույն ժամանակ Հարությունյանը կոչ է արել չկրկնել նախկին սխալները: Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ ՀՀԿ-ում վերջնական որոշում չկա, քանի որ ընթանում են քաղաքական քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ:
«Ինչպես տեղյակ եք նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է ներգրավված քաղաքական տարբեր քննարկումներին: Մենք հույս ունենք, որ արդյունքում հնարավոր կլինի ձևավորել քաղաքական օրակարգ, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - ասել է Դավիթ Հարությունյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնականատարը նաև պատասխանել է այն հարցին, թե ի վերջո ՀՀԿ-ն անհրաժեշտ համարում է ստեղծված իրավիճակում այնուամենայնիվ վարչապետի թեկնածու առաջադրել.
«Մեզ համար ինքնանպատակ չէ առաջադրել վարչապետի թեկնածու: Ցանկացած նման իրավիճակ նոր հնարավորությունների ճանապարհ է բացում, այնպես որ Հայաստանի համար նման իրավիճակը լավագույն ձևով օգտագործելը, կարծում եմ ամենակարևոր խնդիրն է»,- ասել է Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը