ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանը մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին խորքային ծանոթ է և շատ լավ վարչապետի թեկնածու է: Այս մասին ապրիլի 27-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Ես անձամբ դրական եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի անձին: Մենք գտնում ենք, որ մեր երկրում պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենան: Երբ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստի կհրավիրի, վերջնական որոշում կունենանք, այդ ժամանակ հրապարակավ հանդես կգանք»,- ասաց նա:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը և ԲՀԿ-ն միացել են համաժողովրդական շարժմանը, և այս պահին էլ կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ներկայացուցիչները մասնակցում են ընդվզմանը:
Հարցին, թե մայիսի 1-ին «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները փողոցում են պայքարելու, թե խորհրդարանում են լինելու, Վահե Էնֆիաջյանը հայտնեց.
«Մենք կարծում ենք, որ վերջնական որոշումը լինելու է մեր քվեարկությամբ և մեր քաղաքական մոտեցումներով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը