22 04 2018

Սարգսյան-Փաշինյան բանակցությունները դեռ չսկսված՝ ավարտվեցին

Սարգսյան-Փաշինյան բանակցությունները դեռ չսկսված՝ ավարտվեցին

Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում առավոտյան 10-ին կայացավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ներկայացնում ենք հանդիպման սղագրությունը:

Սերժ Սարգսյան - Նախ ուրախ եմ, որ արձագանքեցիք երկխոսության իմ կոչերին, չնայած ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ ժուռնալիստների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այնուհանդերձ, ուրախ եմ:

Նիկոլ Փաշինյան - Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա, որովհետև երբ մենք խոսել ենք պարոն Արմեն Սարգսյանի մասով, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ ոչ թե խոսքը երկխոսության մասին է ձեր առաջարկած, այլ խոսքը մեր օրակարգի մասին է, և ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում անցման պայմանները: Դրա համար կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել:

Սերժ Սարգսյան - Ուրեմն դրանք բանակցություններ չեն, դա բանակցություն չէ, դա երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում ա, շանտաժ պետությանը, իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, և եթե դուք դասեր չեք քաղել, ապա ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես՝ տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է. ընտրեք:

Նիկոլ Փաշինյան - Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինի, որ ընդհանրապես, մեզ հետ որևէ մեկը չի համարձակվում ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը: Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը հանրապետությունում փոխվել է: Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք էն իշխանությունը, ինչի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանի Հանրապետությունում շխանությունն անցել է ժողովրդի ձեռքը:

Սերժ Սարգսյան - Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք կատարում, ցտեսություն (Սերժ Սարգսյանը վեր է կենում, խմբ.) և ես խնդրում եմ, պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետևություն արեք (Սերժ Սարգսյանը գնում է, խմբ.): 

Նիկոլ Փաշինյան - Դուք ինքներդ հետևություն արեք, ես ուզում եմ արձանագրել, որ սա ևս մեկ ապացույց է, որ պարոն Սարգսյանը լա չի տիրապետում Հանրապետությունում ստեղծված իրավիճակին, և ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդությունների գործողությունները և այսօր ժամը 19:00-ին կրկին հանդիպել Հանրապետության հրապարակում: Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը, կարծում եմ, ադեկվատության զգացումը կորցրել է, լավ չի տիրապետում իրավիճակին, և մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացումը չի վերականգնվել: Ուստի ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում կրկնակի ծավալով իրականացնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և կրկնում եմ, որ էդ ամեն ինչը պետք է տեղի ունենա ոչ բռնի եղանակով: 

Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ պարոն Սերժ Սարգսյանի հոխորտանքները և սպառնալիքները չունեն որևէ իրավական հիմք, որովհետև Հայաստանի Հանրապետության Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ քանի դեռ հավաքները բնույթով խաղաղ են, ոստիկանությունը պարտավոր է իր իրավասության շրջանակներում աջակցել հավաքին: Եվ ես ոստիկանությանը կոչ եմ անում չխոչնդոտել քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքների ազատությանը, եթե նույնիսկ դրանք, ինչպես իրենք են ասում, որոշակի խոչնդոտներ են առաջացնում: Հավաքների ազատության մասին օրենքն ասում է, որ այդ բոլորը կարող են տեղի ունենալ և այդ բոլորը տեղի են ունենում օրենքի շրջանակներում:

 

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ Արմեն Սարգսյանը եկել է, ես շատ հստակ ասել եմ, որ քննարկման թեման կարող է լինել միայն իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացումը և դրա պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում հանձնման պայմանները: Ես ոչ միայն դա ասել եմ, այլև մեր խոսակցության վերջում ևս մեկ անգամ ճշտել եմ, թե արդյո՞ք մենք իրար ճիշտ ենք հասկանում և արձանագրվել է, որ ճիշտ ենք հասկանում: Օրվա վերջում ինձ ասել են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ օրակարգի շուրջ քննարկումների, և մենք ասել ենք, որ բնականաբար, մեր օրակարգը քննարկելու կգանք: Եվ ասել ենք, որ մեր հանդիպումը սկզբից մինչև վերջ պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ:

Այսօր առավոտյան մեզ ասել են, որ թյուրըմբռնում է եղել, մենք ասել ենք սկզբում և վերջում լրագրողների մասնակցության մասին: Մենք ասել ենք՝ ոչ, մեզ համար պրինցիպիալ է՝ սկզբից մինչև վերջ պետք է գործողությունը լինի հանրության համար թափանցիկ

Եթե հավաքը խաղա բնույթ ունի, ապա, ըստ օրենքի, ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին, եթե անգամ դա իրականացվել և կազմակերպվել է սույն օրենքի ընթացակարգերին չհամապատասխանող ձևերով: Էնպես որ, ի՞նչ արյունահեղության մասին են խոսում: Արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն:

Մարտի 1-ից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել և ես համոզված եմ, որ դասն այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի:

Ես էստեղ հիմա ներկայացնում եմ ՀՀ 100 հազարավոր քաղաքացիների: Ես հայտարարում եմ, որ մեր հայտարարած թավշյա հեղափոխությունն ունի ՀՀ բնակչության 90 տոկոսի աջակցությունը, և դուք բոլորդ, ովքեր ուղեկցում եք մեզ քայլարշավների ընթացքում, համոզվել եք: Ես էստեղ չեմ եկել խոսելու ԵԼՔ խմբակցության անունից, ես եկել եմ խոսելու ժողովրդի անունից, ես խոսում եմ ժողովրդի անունից, և Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, անհապաղ: Էդ որ ասում են անդառնալի հետևանքներից խուսափել, եթե նրանք չեն ուզում, որ խնդիրներ առաջանան և ազգային անվտանգության ոլորտում պրոբլեմներ առաջանան, Սերժ Սարգսյանը պետք է այսօր երեկոյան, հիմա արդեն իսկ հրաժարական տա: Ես վստահ եմ, որ ժողովուրդն իր կամքով, իր պայքարով հասնելու է այդ հանգրվանին:

Ես ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել իշխանությունից իր հեռացման պայմանները և իշխանության խաղաղ և անցնցում հանձնման պայմանները: Որ պահին Սերժ Սարգսյանն ընդունեց դա, ես պատրաստ եմ քնարկել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ