21 04 2018

Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ. Սերժ Սարգսյան

Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ. Սերժ Սարգսյան

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել Հայաստանում ընթացող բողոքի գործողությունների վերաբերյալ.

«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել:  Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները և ստացել են անհարկի և անարխիկ դրսևորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ:

Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետևանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը և վնասում Հայաստանի հասարակության բարդ և նուրբ ներդաշնակությունը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության և հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով:

Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:  Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձևավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ