22 03 2018

ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ծախսերը

ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ծախսերը

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական և դեմոկրատ առաջնորդները բյուջեի նախագիծը համաձայնեցրել են մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ 1,3 տրլն ծավալով պաշտպանական ծախսերի մեծ աճ է նախատեսվում, ինչպես նաև ծախսեր են նախատեսվում «Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի» համար:

ԱՄՆ պետբյուջեն այս տարի բավականին դժվարությամբ է ընդունվում՝ կարճ ժամկետներով, բանը հասել էր այնտեղ, որ կառավարությունը երկու անգամ պարապուրդի է մատնվել՝ դարձյալ կարճաժամկետ, բյուջե չունենալու պատճառով:

Այս անգամ համաձայնություն է կայացվել, որում նախագահ Թրամփի առաջնահերթ պահանջների մի մասը տեղ չի գտել:

Եթե մարտի 23-ին բյուջեն չընդունվի, կառավարությունը դարձյալ կմատնվի պրապուրդի:

Կոնգրեսը պատրաստվում է որպես օգնություն Ուկրաինային ավելի քան 420 մլն, իսկ Վրաստանին՝ ավելի քան 105 մլն դոլար հատկացնել: Բացի այս, Ուկրաինային 200 մլն դոլարի էլ ռազմական օգնություն կտրամադրվի:

Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը ևս քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:

Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին ներկա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կառավարչին նման ելույթով դիմել է կոնգրեսական Բրեդ Շերմանը.

«Դուք տեղյակ եք, որ Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը: Դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղը, այժմ՝ Արցախի Հանրապետությունը, ռազմատենչ ուժի հարևանությամբ է գտնվում, և որ Վրաստանի հանրապետության հարավային շրջանը, որը կոչվում է Սամցխե-Ջավախետի, շրջան է, որն արժանի է ստանալ մեր օգնության զգալի մասը: Հավատացած եմ, գործընկերներիցս շատերը նամակ են ուղղել այդ կապակցությամբ», ըստ «Ամերիկայի ձայնի», ասել է Շերմանը:

Հայաստանին ամերիկյան օգնության չափը 60 միլիոն դոլարի հասցնելու կոչով իրենց գործընկերներին են դիմել Միացյալ Նահանգների 37 կոնգրեսական: Կոնգրեսականները մասնավորապես կոչ են Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն եւ 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ