01 03 2018

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ են հայտարարվել

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ են հայտարարվել

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին:

Սերժ Սարգսյանի ներածական խոսքն ԱԱԽ նիստում

Սերժ Սարգսյանի ամփոփիչ խոսքն ԱԱԽ նիստում

Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրություններն այդպես էլ իրականություն չդարձան, քանի որ Թուրքիան դրանց կատարման պայման առաջ քաշեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ էին կանչվել Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականի փետրվարի 16-ի նամակով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ