ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձառու բանակցողների թիմ է ձևավորում՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ հնարավոր հանդիպման համար՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համաձայնության գալու նպատակով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Հիմնական գործիչներից են Յուրի Ուշակովը՝ Պուտինի գլխավոր խորհրդականը միջազգային հարցերով, ով ավելի քան 50 տարվա դիվանագիտական փորձ ունի և Սերգեյ Նարիշկինը՝ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ։
Նշվում է, որ բանակցությունների հարցով թիմում մեկ այլ առանցքային դեմք կարող է լինել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, որը նախկինում կապեր է հաստատել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
Այն, որ Պուտինը նախընտրում է հիմնականում հենվել հմուտ և փորձառու բանակցողների վրա՝ Ռուսաստանը ներկայացնելու համար ցանկացած բանակցություններում, հազիվ թե անակնկալ լինի: Կադրային ընտրություններն ընդգծում են, թե որքան վճռական է Ռուսաստանի ղեկավարը ցանկացած բանակցություններում բարենպաստ արդյունք ապահովելու հարցում, գրում է Bloomberg-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը