ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն գրում է.
«Տրանսպորտի սակագինը և բոյկոտը Երևանում դարձել է «ամենաքննարկվող» թեման, սակայն առաջարկվող սակագինը, լինի 300, թե 100 դրամը, Երևանի տրանսպորտի միակ խնդիրը չէ։
Երևանը դարձրել են փորձադաշտ, երևանցուն էլ` փորձա..... մեկ 100 դրամանոցի տուփեր են տեղադրում, մեկ QR կոդով աշխատող֊չաշխատող սարքեր, գործող-չգործող փաթեթներ, շաբաթական փոփոխվող սակագներ, վաղը չգիտես, թե նոր ինչ կմոգոնվի, և այս ամենը զուգակցվում է կոռուպցիոն ակնհայտ դրսևորումներով, որի մասին չեն խոսում իշխանությունները, իսկ ընդդիմադիրների բարձրաձայնումներն իրավապահ համակարգի կողմից մնում են «ձայն բարբառոյ յանապատի»...
Երևանում տրանսպորտային կոլապսը միայն հանրային տրասնպորտի սակագնով չէ, որ պայմանավորված է։ Մեկ֊երկու ամիս առաջ «ասֆալտապատված» ճանապարհահատվածները նորից ունեն նորոգման, որոշ դեպքերում նույնիսկ հիմնանորոգման կարիք և պատճառ են դառնում արհեստական խցանումների։ Սա՝ անկախ երևանցիներին բաժին հասած ծանր հարկային բեռից առաջացած գումարների վատնումից ու ներվային համակարգի գրգռումից (վկա՝ Երևանի քաղաքապետի երևանցի հոր հոգեվիճակը)։
Երևանում ճանապարհային գծանշումները գտնվում են խայտառակ վիճակում՝ հաճախ պատճառ դառնալով վթարային իրավիճակների առաջացման` տարբեր գույների, երթևեկելի հատվածի ոչ բավարար և ոչ ճիշտ շարքերով, շարքերի վերադասավորման համար խնդիրներ առաջացնող և տեղ֊տեղ չերևացող կամ կրկնակի ու եռակի շեղված գծերով ... իհարկե, բացառությամբ պաշտոնյաների հաճախ երթևեկելի հատվածների։
Առաջացող խցանումները մեղմացնելու կամ վերացնելու ոչ մի լուծում չի առաջարկվում կամ գործադրվում։ Հաճախ խցանման ուժգնացման պատճառ են դառնում խաչմերուկները, լուսացույցի փոխարեն կառավարող պարեկները։
Պարեկները, փոխանակ հսկեն երթևեկության կանոնները, կանխեն երկրորդ, հաճախ երրորդ երթևեկելի գծում կայանող, հեռախոսով շփվող, հանդիպակաց երթևեկող, լուսաձայնային ազդանշաններն անտեղի միացնող օրինազանցներին, զբաղված են իշխանության ներկայացուցիչների քմհաճույքների բավարարմամբ։
Արդյոք Երևանի քաղաքապետարանն այս խնդիրները միտումնավո՞ր չի ստեղծում` Փաշինյանի և ՔՊ֊ի կառավարության վարած քաղաքական խնդիրները քողարկելու, հանրության, մասնավորապես՝ երևանցու ուշադրությունը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող հայտարարություններից, սահմանազատում խեղկատակության անվան տակ թշնամուն հայրենիքի նոր հատված հանձնելուց, ադրբեջանցի իր ընկերոջ պահանջները կատարելուց շեղելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը