ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է, գրում է Reuters-ը:
«Մենք էլ ձեզ նման ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա: Բայց պետք է սկսենք ընդունել, որ վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է: Այդ պատրանքային նպատակը հետապնդելը միայն կերկարաձգի պատերազմը և ավելի շատ տառապանք կբերի», - ասել է նա:
Հեգսեթն այս մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Ուկրաինայի ռազմական դաշնակիցների հանդիպման ժամանակ: Ուկրաինայի վերաբերյալ նրա խոսքերը կտրուկ տարբերվում են Ջո Բայդենի վարչակազմի և Ուկրաինայի շատ մերձավոր դաշնակիցների դիրքորոշումից առ այն, որ նրանք կաջակցեն Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ միևնույն ժամանակ ընդգծելով տարածքային ամբողջականության կարևորությունը:
Հեգսեթի մեկնաբանությունները ենթադրում են, որ Կիևը պետք է հրաժարվի իր հիմնական պատերազմական նպատակներից՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձից և ապագա հարձակումներից պաշտպանվելու նպատակով ՆԱՏՕ-ին անդամակցելուց:
«ԱՄՆ-ն չի հավատում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է լինել բանակցային գործընթացի միջոցով կարգավորման իրատեսական արդյունք: Փոխարենը ցանկացած անվտանգության երաշխիքի հետևում պետք է կանգնած լինեն եվրոպական և ոչ եվրոպական ունակ զորքերը», - ընդգծել է նա:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ցանկացած կայուն խաղաղություն պետք է ներառի «անվտանգության ամուր երաշխիքներ՝ ապահովելու, որ պատերազմը նորից չի սկսվի»: Բայց Հեգսեթը նշել է, որ ամերիկյան զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայում՝ որպես այդպիսի երաշխիքների մաս. փոխարենը, անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն «ունակ եվրոպական և ոչ եվրոպական զորքերը»։
«Եթե այդ զորքերը որպես խաղաղապահներ տեղակայվեն Ուկրաինայում ցանկացած պահի, ապա դրանք պետք է տեղակայվեն որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաքելության մաս և դրանց վրա չպետք է տարածվի 5-րդ հոդվածը», - ասել է նա՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի կանոնադրության փոխադարձ պաշտպանության դրույթը։
Reuters-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը 2014-ի մարտին Ուկրաինայի Ղրիմ սևծովյան թերակղզին ներառել է իր կազմում, այնուհետև Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում աջակցել է ռուսամետ անջատողականներին Ուկրաինայի դեմ զինված ապստամբության ժամանակ: Ներկայումս Մոսկվան վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը, հիմնականում՝ արևելքում և հարավում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը