01 02 2025

Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են. Գարիկ Քեռյան

Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են. Գարիկ Քեռյան

«Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Նրա խոսքով, պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի  թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն  ու իշխանությունը պահելն է:

«Իմ դիտարկումներով պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեին արտահերթ ընտրություններ: Ինչու՞, որովհետև Թրամփի հաղթանակն առավել հավանական է դարձնում ուկրաինական պատերազմի ավարտը, որն իր հերթին առավել հավանական է դարձնում ռուսական գործոնի ազդեցության ուժեղացումը:

Ուրեմն  իշխանությունը պահելու տրամաբանության համապատասխան պետք է վերարտադրվել քանի դեռ օտարերկրյա ազդեցության գործոնը չի ակտիվացել: Սա առաջին փաստարկը:

Երկրորդը՝  Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացները  հակասական բնույթ են կրում:  Պայքար մոդերատորության համար Մոսկվայի և Բրյուսել/Վաշինգտոն տանդեմի միջև, էլեկտրոնային դիվանագիտություն Երևան- Բաքու ուղեգծով, Թեհրանի և Անկարայի անդրկուլիսյան բավականին կոշտ ճնշումներ և մեծ հավանականությամբ  սեփական շահերից բխող պահանջներ ու նախապայմաններ:

Վերջին թարմ լուրն այն է , որ 17 հոդվածից 15-ն արդեն համաձայնեցվել է: Հանրության և փորձագիտական շրջանակներն այդպես էլ տեղեկացված  չեն և կռահելով են միայն կարծիքներ հայտնում: Ակնհայտ է, որ իշխող ուժի համար ավելի նպաստավոր է սկզբում ընտրությունները և հետո պայմանագիրը, որովհետև նրա բովանդակությունն ամենայն հավանականությամբ բացասաբար է անդրադառնալու կառավարողների վարկանիշի վրա:

Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետն ուղղակի նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ինչպես կարելի է բացատրել այս հայտարարությունը, եթե իրողությունները այլ բան են թելադրում: Իմ կարծիքով վարկանիշային անկում նկատվեց կապված շրջանառության նոր հարկային օրենքի, եկամուտների համաընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի թանկացման և մի քանի այլ իրադարձություններ հետ կապված, ինչպես օրինակ,  մսավաճառների միջադեպը, պաշտոնանկությունները և ներկուսակցական պառակտումները: Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքները, երբ մի կերպ հաջողվեց պահել քաղաքապետի աթոռը արդեն հուշում է, որ առավել խնամքով պետք է վերաբերվել  վարկանիշին, որպեսզի անակնկալներ չլինեն: Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց:

Մնում է հաղթահարել խաղաղության պայմանագրի ներքաղաքական բացասական ազդեցության հետևանքները, եթե իհարկե այն կնքվի: Իմ կարծիքով ցեղասպանության, Արարատ-Արագած և նմանատիպ այլ քննարկումները կարող են կապված լինել պայմանագրի որոշ հոդվածների բովանդակության հետ: Ամփոփելով նշեմ, որ վերոհիշյալ գործոնների հետ կապված արտահերթ ընտրությունների հարցը նորից կարող  է օրակարգային դառնալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ