«Հրապարակ»-ը գրում է. Թե ինչու ԱՄՆ պետդեպի գաղտնի փաստաթղթերը հայտնվեցին հենց «Ազատության» տրամադրության տակ, հասկանալի է, իսկ թե ինչու է «Ազատությունն» այդ փաստաթղթերը ներկայացնում «հակաքոչարյանական» պաթոսով, դեռ պետք է հասկանալ: Քոչարյանը դեմ չէր Մեղրին Արցախով փոխանակելուն, բանակցում էր Հեյդար Ալիեւի հետ, գաղտնի հանդիպում էր, մոտ 10 երկկողմ հանդիպում է եղել, եւ այլն… Լսում ես «Ազատության» մեկնաբանություններն ու չգիտես ինչպես հասկանալ քաղաքագիտորեն անհասկանալի այս գրոհի իմաստը: Ի՞նչ են ուզեցել ասել, ինչո՞ւ են հենց հիմա հիշել Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականության «Մեղրիի» ուղղությունը: Ես նույնիսկ մտավախություն ունեմ, որ «Ազատության» տրամադրության տակ են հայտնվել Մեղրին հանձնելու մասին նոր փաստաթղթեր, ու հենց վաղը կարող ենք արթնանալ ավելի «իրական»՝ արդեն առանց Մեղրի Հայաստանում: Բավական է ՀՀ իշխանություններին հարցնել՝ այս ի՞նչ արիք, եւ նրանք հանգիստ խղճով կպատասխանեն՝ խեղճ Նիկոլն ի՞նչ մեղավոր է, 1992-ից սկսած՝ Մեղրին քննարկման առարկա է եղել, իսկ Քոչարյանի ժամանակ համաձայնություն է տրվել Մեղրին Արցախի հետ փոխելուն:
Արդյոք «Ազատության» «բացահայտումները» ԱՄՆ-ի հետ Հայաստանի ստորագրած ռազմավարական գործընկերության կանոնակարգը կյանքի կոչելու նախերգանքը չե՞ն: Իսկ գուցե սա ԱՄՆ-ին եւ Թուրքիային «Արցախի խնդրի կարգավորման» հարցում ավելի մեծ դերակատարում ապահովելո՞ւ փորձ է: Ոչինչ հնարավոր չէ հասկանալ: Վազգեն Սարգսյանի ոսկորների՞ց ինչ են ուզում. մեկ ասում են` հավանություն է տվել Մեղրին Արցախի հետ փոխելու գաղափարին, մեկ ասում են` այնքան էլ տեղեկացված չի եղել այդ պատմությանը: Ասում են՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ը թուլացրեց Քոչարյանի դիրքերը… Կներեք, ո՞ր դիրքերը, Մեղրին հանձնելո՞ւ, որին «ձգտում» էին Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը: Այդ դեպքում բարի եղեք ասելու, թե ովքեր էին դրան դեմ եւ ովքեր սպանեցին Վազգեն Սարգսյանին:
Ոչ մի անպատեհ ու անբնական բան չկա, երբ որեւէ երկրի ղեկավար 10 տարում ամենատարբեր բանակցությունների մեջ է մտնում հեռու եւ մոտ երկրների ղեկավարների հետ: Երկկողմ բանակցություններ լինեն դրանք, թե բազմակողմ, «գաղտնի» լինեն, թե հրապարակային: «Ազատության» կազմակերպած այս սլիվից պարզվում է, որ զգուշավոր է եղել միայն Քոչարյանը: Թուրքերն ու ադրբեջանցիները, հակառակը, ամեն ինչի մասին զեկուցել են իրենց «պապային»՝ ԱՄՆ-ին: Դա են վկայում նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների խոսքերից «Ազատության» առատ մեջբերումները: Այդ ժամանակահատվածում ԱՄՆ գրեթե բոլոր պաշտոնյաները, մեծից փոքր, փաստորեն, տեղեկացված են եղել ոչ միայն Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ «գաղտնի բանակցություններին», այլեւ այն նրբությանը, որ այդ բանակցությունների մի աներեւույթ կողմն էլ՝ հրահրողը, Թուրքիան է եղել: Անգամ այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը Ռոբերտ Քոչարյանի հետ իր «թեմատիկ խոսակցությունների» մասին որեւէ «գաղտնի» փաստաթուղթ չի տրամադրել «Ազատության» մեր գործընկերներին, մի տեսակ արժեզրկում է աննախադեպ տեղեկատվական այս գրոհը, որով փորձ է արվում քննարկումների նոր թեմա արծարծել ներհայաստանյան կյանքում: Այո, ՀՀ նախագահ Քոչարյանը բանակցություններ է վարել, ավելին՝ նա չէր կարող «իրեն ռետինե խողովակի տեղ դնել» եւ հրաժարվել անգամ Մեղրիի մասով բանակցություններից, որոնք Հայաստանի ու Արցախի մասին էին: Եվ այստեղ ամբողջ հարցն այն է, որ Քոչարյանը հեռատես է գտնվել այդ բանակցություններում եւ վերջնարդյունքում պահել է թե՛ Մեղրին եւ թե՛ Արցախը: Իսկ մնացածը, թե Թուրքիայի նախագահն ինչ ասաց ԱՄՆ նախագահին, ԱՄՆ պետքարտուղարն ուր թռավ այս հարցով եւ ում կնգա սիրածին տեսավ, կներեք, Քոչարյանի վարած բանակցությունների որակի եւ լրջության հետ կապ չունի:
Քաղաքական աճպարարության մի կարեւոր հատկանիշն էլ այն է, որ «Ա»-ն ասելուց հետո «Բ»-ն չեն ասում: Դիցուք, այս դեպքում «Ազատությունը» չի ասում, թե որն է «իր կազմակերպած» տեղեկատվական գրոհի բուն նպատակը: Հարցեր շատ կան այս իմաստով: Ես, օրինակ, մտածում եմ, որ արեւմտյան մեր գործընկերները (արդեն՝ ռազմավարական) փորձում են ազդեցության հարթակներ ձեւավորել Հայաստանում՝ առաջիկա ընտրություններից առաջ: Նկատի ունենանք, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեի՝ Հայաստան կատարած այցին Արեւմուտքը բոլորովին այլ աչքով է նայում, իսկ մենք՝ այլ: Եվ տրամաբանական չէ՞, արդյոք, այն պարզ մտահոգությունը, որ «Ազատության» այս «ճոխ» գաղտնազերծումն Արեւմուտքի ընդամենը առաջին փորձն է՝ «ռեւանշի» հասնելու Վրաստանում կրած պարտության դիմաց: Այլ հարցեր էլ կան: Զորօրինակ, ի՞նչ կասեք այն թեզի մասին, ըստ որի՝ փորձ է արվում կոպիտ ձեւով միջամտել նախընտրական փուլ մտնող Հայաստանի ներքին գործերին եւ ընտրություններից առաջ թուլացնել ընդդիմության ամենահավանական թեկնածուի դիրքերն ի նպաստ այն դրածոյի, որ, Արցախից արդեն հրաժարված, պատրաստ է իրականացնել նաեւ Մեղրիի հարցով թուրք-ամերիկյան «ծրագիրը»:
Եվ վերջում առաջարկում եմ կարդալ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը: Ըմբոշխնեք, «Ազատության» իմ սիրելի գործընկերներ. «Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «Ազատություն» ռադիոյին՝ երեկվա ռեպորտաժի համար: Փաստորեն, համաձայն ռեպորտաժի.
ա. Մեղրին Ադրբեջանին հանձնելը եղել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի համատեղ ծրագիրը, այլ ոչ թե Ռուսաստանի:
բ. Ռոբերտ Քոչարյանի ու Վազգեն Սարգսյանի միջեւ որեւէ տարաձայնություն երբեք չի եղել բանակցային գործընթացի մասով, ավելին` Վազգեն Սարգսյանն ամեն ինչում աջակցել է Քոչարյանին:
գ. Քոչարյանը մի քանի տարվա բանակցային գործընթացը բերել հասցրել է այն իրավիճակին (Քի-Ուեսթում), որ Ադրբեջանը պատրաստ էր ճանաչել՝ միջազգային հանրության համաձայնությամբ, Արցախը Հայաստանի կազմում, իսկ փոխարենը ստանալ Մեղրիի շրջանի վրայով անցնող էստակադա:
դ. Հոկտեմբերի 27-ի հետ կապված` այլեւս փուչ դարձավ այն միտքը, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպվել էր նրա համար, որովհետեւ Վազգենը դեմ էր Քոչարյանի ծրագրերին: Ավելին, փաստացի շահառուներից մեկը ՀՀՇ-ն դուրս եկավ, ինչը վաղուց բոլորին հայտնի էր, հաշվի առնելով հայտնի ցուցակը, որը, Վազգենի դիակը չսառած, դեմ էին տվել Քոչարյանին:
ե. Մենք Քոչարյանի «հանձնած» Մեղրին մինչեւ հիմա հանգիստ գնում գալիս ենք, չհաշված, որ Գորիս-Կապան հատվածը Նիկոլը հանձնեց ադրբեջանցիներին, իսկ Նիկոլի բանակցած Արցախը հանձնվեց 2022 թ. հոկտեմբերի 6-ին:
Самое главное в ходе расследования, не выйти на самих себя. «Ազատություն» ռադիոկայան, դուք դա արեցիք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը