ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձախողված կառավարության ղեկավարն ասելիք և անելիք չունի: Սա շատ բնական է: Վկան՝ այսօրվա մամուլի ասուլիսն է, որտեղ դատարկաբանությունից բացի ոչինչ չկար:
Այս կառավարիչների վրա մեր պետությունն անիմաստ փող է վատնում: Վճարում է անիմաստ աշխատավարձեր, պարգևավճարներ, սպասարկման և գործուղումների ծախսեր և այլ: Դա դեռ մի կողմ. նրանք ո՛չ մեր ժողովրդին, ո՛չ էլ արտաքին աշխարհին ասելիք չունե՛ն:
Որոշ քաղաքացիների գուցե թվում էր, թե աննախադեպ աղետներից, վնասներից, կորուստներից ու պետական կարողությունները միտումնավոր և/կամ անփութորեն վատնելուց հետո, այս կառավարությունը որոշ հարցեր կլուծի: Բայց ո՛չ: Ժամանակն աշխատում է ի վնաս մեր ժողովրդի, ի վնաս մեր երեխաների, ի վնաս մեզ բոլորիս:
Նիկոլի ասուլիսից կարելի է արձանագրել հետևայլը.
Երկրի նախորդ ղեկավարների ասուլիսները, տարբեր երկրիների ու նաև մեր հասարակության համար, երկար ժամանակ դառնում էին քաղաքական իրադարձություն: Երկար ժամանակ (առ այսօր) քաղաքական շրջանակները, լրատվամիջոցները, պարզ մարդիկ քննարկում, վերլուծում, մեկնաբանում էին ՀՀ նախագահների ասածները:
Նիկոլի ասուլիսը երկու ժամ հետո մոռացված իրադարձություն է լինելու: Եվ ընդհանրապես, ակնհայտ է, որ հասարակության մեծ մասին այլևս չի հետաքրքրում, թե ի՞նչ է ասում կառավարությունը կամ նրա ներկայացուցիչը: Դա էր վկայում նաև “5-րդ ալիք” ՀԸ հարցախույզը, ըստ որի հարցված 72 քաղաքացիներից 60-ն ընդհանրապես ոչ մի հարց չուներ Նիկոլին, որովհետև այլևս չեն հավատում:
Վաղուց ժամանակն է, որ միասնական ընդդիմությունը խոսի հասարակության ապագայի, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի ու կուտակված հարցերի լուծումների մասին: Այս կառավարության անցնցում հեռացումը շարունակում է մնալ միակ ներքաղաքական օրակարգը: Դա ապացուցված փաստ է և երկրի համար կենսական անհրաժեշտություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը