24 12 2024

Ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին․ արի հանրային բանավեճի․ կապացուցեմ, որ դու սխալ ես․ Վարդան Օսկանյան



 

«Փաշինյանը նախկին նախագահների մերժումը ստանալուց հետո ասաց, որ եթե շարունակեն մերժել, ինքն անձամբ առանձին շարունակելու է ժողովրդին բացատրել իր արդարացիության մեջ։ Ես պատկերացնում եմ իր բացատրութունն ինչ դրսևորում է ունենալու․ մինչ հիմա ինչ արել է, շարունակելու է անել, և բոլոր ասածները իսկապես աղերս չունեն իրականության հետ»,- տեսաուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008թթ․) Վարդան Օսկանյանը և հավելեց․ «Ելնելով նրանից, որ լավատեղյակ եմ, մասնակից եմ բնակցություններին, ուզում եմ ասել Փաշինյանին, որ թույլ չեմ տալու, որ շարունակի խաբել մեր ժողովրդին։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող մեր տղաների։ Թույլ չեմ տալու Փաշինյանին դա անել՝ հանուն մեր ողջ դիվանագիտական կազմի, որ իրենց կյանքն են նվիրել Հայաստանի շահերը միջազգային դատարաններում ներկայացնելուն, պաշտանելուն։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն մեր ազգային պատմության։ Թույլ չեմ տալու դա անել՝ հանուն հաջորդ սերունդների։ Եվ ես իրավունք ունեմ դա անելու, որովհետև լավատեղյակ եմ և կարող եմ ապացուցել, որ Փաշինյանը ստում է և այդ բոլորը նա անում է իր սխալներն արդարացնելու, մեղքերը քավելու համար։

Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում, որ իրոք եթե դու հավատում ես քո ասածին, անկեղծ ես քո անձի նկատմամբ, ձեռքդ դիր խղճիդ։ Եթե իրոք հավատում ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որպեսզի ես մեր հանրության առաջ, քո աչքի մեջ նայելով, ժողովրդի աչքի մեջ նայելով համոզեմ քեզ և ապացուցեմ, որ դու սխալ ես։

Բայց մի պայմանով, որ այդ բանավեճը պարտվելուց հետո, և դու կպարտվես, ես կասկած չունեմ, որովհետև սնանկ են քո բոլոր հիմնավորումները, դու կխոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությւոնը ԼՂ հարցում։ Դու առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ կբերես ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու իրավունքի հարցը։

Այդ պայմանաով ես պատրաստ եմ քո հետ բանավիճելու և սպասում եմ քո պատասխանին»։

Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ 1992 թվականից Լեռնային Ղարաբաղի բանակցութունների առաջին գծում է եղել, սկզբում որպես շարքային դիվանագետ, հետո փոխարտգործնախարար, ապա՝ որպես նախարար։ «Բանակցային գագաթնակետին ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փատսթուղթը, որտեղ առաջին անգամ ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում է միջազգային հանրության կողմից, երեք համանախագահող երկրների կողմից։ Որովհետև դա եղել է իրենց առաջարկությունը, որ ԼՂ ժղովուրդը իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր քաղաքական ճակատագիրը։ Սա իսկապես եղել է մեծ հաջողություն»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ