17 11 2024

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ըստ նրա՝ չնայած այս հարցի պաշտպանության ևբարձրացման հստակ հումանիտար և դիվանագիտական առավելություններին, Փաշինյանը միշտ խուսափել է այս հարցին անդրադառնալուց՝ պնդելով, որ վերադարձի իրավունքը Հայաստանի շահերից չի բխում։

«Նա նշում է, որ այս հարցի բարձրացումը կարևոր գործիք կարող է լինել բանակցային գործընթացում։ Ներկայումս Հայաստան- Ադրբեջան բանակցությունների սեղանին չկա որևէ հարց, որը նպաստավոր է Հայաստանի համար, թողնելով Հայաստանը առանց լծակների: Վերադարձի իրավունքի պահանջով հանդես գալը Հայաստանի համար կարող է փոխել դիվանագիտական քննարկումներն իր օգտին: Բացի այդ, վերադարձի իրավունքի համընդհանուր աջակցությունը գրեթե անվիճարկելի է և որևէ չեզոք երկիր չի կարող դեմ լինել դրան որպես սկզբունք»:

Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարության մասին, որ Հայաստանը չշտապի խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, Օսկանյանի խոսքով՝ Լավրովն առաջարկել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կարող է դեռ ծառայել որպես կոնֆլիկտի լուծման հիմք և հնարավոր վերադարձի ուղի՝ ապահովելով կապ և անվտանգության համար:

«Այս միջազգային արձագանքները ընդգրկում են լայն համակարծություն և ցուցադրում Հայաստանի ակտիվ մասնակցության կարևորությունը: Նույնիսկ Ալիևը չի առարկում վերադարձի իրավունքին, թեև իր պայմաններով: Ադրբեջանն, իհարկե, արցախցիների տեղահանումը ներկայացնում է որպես կամավոր, ինչը թե մոլորեցնող է, թե բարոյապես դատապարտելի, բայց միջազգային հանրության համար ակնհայտ է, որ տեղահանությունը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ