Իրանը պատրաստվում է նոյեմբերի 19-20-ը Լորեստան նահանգում անցկացնել «Դեպի Երուսաղեմ» զորավարժությունը՝ 30,000 զինծառայողի մասնակցությամբ: Զինտեխնիկայի տեղակայումն արդեն սկսվել է, հայտնում է lorestan.iribnews.ir կայքը:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորման ուժերի մասնակցությամբ զորավարժության նպատակն է գնահատել և կատարելագործել հնարավոր սպառնալիքներին դիմակայելու մարտավարական նախապատրաստություններ, բարձրացնել «Բասիջ»-ի պաշտպանունակությունը:
Այս զորավարժության ընթացքում կիրականացվեն տարբեր գործողություններ՝ զգայուն կենտրոնների պաշտպանություն, թշնամու ներթափանցման դեմ պայքար և մարտավարական վարժանքներ՝ ներքին և արտաքին անվտանգության պահպանման համար։
Զորավարժությունը կոչված է ցույց տալու «Բասիջ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժն ու պատրաստակամությունը պաշտպանելու Իրանի բնակչությանը տարբեր իրավիճակներում և սպառնալիքներին դիմակայելու հարցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը