«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը։
«Պարզել էինք, որ որոշ դեպքերում քաղաքացիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենք ՔՊ-ին նվիրատվություն են արել։ Որոշ նվիրատուներ էլ տեղյակ էին, որ իրենց անունով նվիրատվություն է կատարվել, սակայն փոխանցված գումարը իրենց չի պատկանել։
Այս տարվա մայիսի 31-ին հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որին կից հրապարակվել է նաև անկախ աուդիտորի եզրակացությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) էլ արդեն ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։
Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։
Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը կրկնել է անկախ աուդիտորի կողմից արդեն իսկ արձանագրված խախտումները.
Կուսակցության հաշվից եղել են կանխիկացումներ, որն արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով։ ԿԿՀ-ն որոշում կայացնելու նպատակով կուսակցությունից պահանջվել է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր:
Կուսակցությանը նվիրատվություններ են կատարել իրավաբանական անձիք (ևս արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով), որը կուսակցությունը օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին։
Յուրաքանչյուր անձ մեկ տարվա ընթացքում կուսակցությանը առավելագույնը կարող է փոխանցել 2.5 մլն դրամ։ ԿԿՀ-ն հայտնաբերել է, որ կուսակցությանը կատարվել են նվիրատվություններ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը, և կուսակցության կողմից օրենքով սահմանված ժամկետում չեն փոխանցվել պետական բյուջե կամ նվիրատուներին։
Այս դեպքերի առթիվ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ, իսկ կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցելու ենթադրյալ դեպքի առթիվ գործի նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվության համար նվիրատուն պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Նվիրատվության օրենքով սահմանված առավելագույն չափը 2.5 մլն դրամն է, իսկ այն գերազանցող խոշոր չափ է համարվում 1 մլն դրամը գերազանցող գումարը։
Այսպիսով, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ստուգող մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի թիվս այլ պետական մարմինների, անտեսում է 2023 թվականին ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման էական ապօրինությունները»,-ասվում է լուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը