ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին ազդարարեց Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ համատեղ հայտարարության ընթացքում։
«Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք։
«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով, որն ուղղված է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»,-հավելեց ՀՀ փոխվարչապետը՝ շնորհավորելով բոլորին ԵՄ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը