02 09 2024

Երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր․ Փաշինյան

Երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր․ Փաշինյան

Վարչապետը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր,  երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես:  Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ