Ռուսաստանը, հրապարակելով իր ունեցած հետախուզական տեղեկությունները, ցանկանում է կանխել Վրաստանում գունավոր հեղափոխության փորձերը, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ մեկնաբանելով ավելի վաղ ծառայության կողմից արված նախազգուշացումը։
«Այն, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն է հրապարակել ոչ միայն արևմտյան հետախուզական ծառայությունների, այլև պետական կառույցների, օրինակ ԱՄՆ պետքարտուղարության թշնամական գործունեության մասին, նրա համար է, որպեսզի նպաստենք Վրաստանում «գունավոր հեղափոխության» կանխմանը»,-ասել է Նարիշկինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ ամերիկյան իշխանությունները պատրաստվում են «թբիլիսյան մայդան» իրականացնել, որպեսզի թույլ չտան, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ըստ սցենարի՝ «թբիլիսյան մայդանում» պետք է հրապարակվեն «ընտրակեղծիքների ապացույցներ», հայտարարվի ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին և իշխանափոխության պահանջ հնչեցվի։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության համաձայն՝ իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքի ցույցերը։ Ամերիկացիները, ըստ ռուսական կողմի ունեցած տեղեկատվության, նախապես մշակում են նաև Վրաստանի իշխանությունների կողմից «խաղաղ ցուցարարների» նկատմամբ «անհամաչափ ու բիրտ ուժի կիրառմանը» խստորեն արձագանքելու տարբերակներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը