Եվրահանձնաժողովը Մեքսիկայի իշխանություններին կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին մասնակցի Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շայնբաումի երդմնակալության արարողությանը։ Այս մասին Euractiv-ին տված մեկնաբանությունում ասել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Մեքսիկան, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից, իրավաբանորեն պարտավոր է ձերբակալել ՌԴ առաջնորդին, որի նկատմամբ կալանավորման հրամանագիր կա, հայտարարել է Ստանոն։
«Ուստի վստահ ենք, որ Մեքսիկան, որպես ՄՔԴ անդամ, կկատարի իր պարտավորությունները», - հավելել է նա:
Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ Մեքսիկան մասնակցել է հունիսին Շվեյցարիայում անցկացված խաղաղության գագաթնաժողովին, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմն Ուկրաինայի դեմ, և ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ դատապարտել է ռուսական ագրեսիան և Ռուսաստանին կոչ արել դադարեցնել պատերազմը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը