23 10 2024

Ռուսաստանն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի հացահատիկային բորսա

Ռուսաստանն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի հացահատիկային բորսա

ԲՐԻԿՍ-ի երկրների մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ գնողունակության համարժեքության առումով գերազանցում է G7-ի մասնաբաժինը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընդլայնված նիստում։

«ԲՐԻԿՍ-ի երկրների մասնաբաժինը գնողունակության հավասարության առումով 2024 թվականի վերջին կկազմի 36,7%, ինչը վստահորեն գերազանցում է Յոթնյակի երկրների մասնաբաժինը, որը կազմելու է շուրջ 30%»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ համաշխարհային առևտուրը և համաշխարհային տնտեսությունը զգալիորեն փոխվում են՝ ակտիվության կենտրոնները տեղափոխվում են դեպի զարգացող շուկաներ։

«Ձևավորվում է բազմաբևեռ մոդել, որն աճի նոր ալիք է բարձրացնում, առաջին հերթին գլոբալ հարավի և արևելքի, և, բնականաբար, ԲՐԻԿՍ-ի պետությունների հաշվին», - ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի հացահատիկային բորսա՝ հետագայում լիարժեք ապրանքահումքային բորսայի վերածելու հնարավորությամբ։

ԲՐԻԿՍ-ի մի շարք պետություններ հացահատիկային մշակաբույսերի աշխարհի խոշորագույն արտադրողների շարքում են: Դա, ըստ ՌԴ նախագահի, կնպաստի, որ հացահատիկի բորսան ձևավորի պարենային ապրանքների արդար և կանխատեսելի ցուցանիշներ:

Պուտինի խոսքով` դա թույլ կտա նաև պաշտպանել միության անդամ երկրների ազգային շուկաները արտաքին անբարենպաստ միջամտությունից։

«Ժամանակի ընթացքում կարելի է մտածել հացահատիկի բորսան լիարժեք ապրանքային բորսայի վերածելու մասին»,- նշել է Պուտինը։

Ըստ նրա՝ դա առավել արդիական է, քանի որ ԲՐԻԿՍ անդամ երկրները էներգառեսուրսների շատ խոշոր արտադրողներ և սպառողներ են։

ՌԴ նախագահն ավելացրել է, որ նպատակահարմար է ստեղծել նաև թանկարժեք մետաղների առանձին հարթակներ, քանի որ այդ շուկան ունի տարբեր խոչընդոտներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ