05 07 2024

Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին

Եվրոմիությունն արձագանքել է Հունգարիայի վարչապետի՝ Մոսկվա այցին

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել են Մոսկվա, որտեղ հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետը Մոսկվա է ժամանել ոչ միայն որպես վաղեմի գործընկեր, այլև որպես ԵՄ Խորհրդի նախագահ և հույս է հայտնել, որ Օրբանը կներկայացնի Ուկրաինայի հարցով իր և Եվրոպայի դիրքորոշումը։

«Հուսով եմ՝ այս բարդ իրավիճակում երկկողմ հարաբերությունների կառուցման վերաբերյալ մտքեր փոխանակելու հնարավորություն կունենանք։ Եվ, իհարկե, կխոսենք եվրոպական ամենախոշոր ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին, նկատի ունեմ ուկրաինական ուղղությունը»,- ասել է Պուտինը։

Ավելի ուշ Եվրոհանձաժողովն արձագանքել է Օրբանի Մոսկվա այցին՝ անվանելով այն «իրադարձությունների սխալ զարգացում»:

«Օրբանի այցը Ռուսաստան կասկածի տակ է դնում Եվրոհանձնաժողովի անդամների ավանդական այցը Հունգարիա, որը ստանձնել է Եվրոմիության Խորհրդի նախագահությունը»,- ասել է Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

Նա նշել է, որ այցը պետք է տեղի ունենար ամառային արձակուրդներից հետո։ Մամերը հավելել է, որ չնայած Օրբանն ընդունել է, որ մանդատ չունի՝ ՌԴ-ի հետ բանակցելու համար, «բոլորի համար ակնհայտ է համատեքստը, երբ այցը տեղի է ունենում ԵՄ Խորհրդում նախագահության մեկնարկից 5 օր անց»։

Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ևս հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետը «ոչ մի կերպ» չի ներկայացնում ԵՄ-ն նշյալ այցի ընթացքում։

«Օրբանի այցը Մոսկվա «կատարվում է բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում», - ընդգծել է Բորելը՝ հավելելով, որ չնայած այն հանգամանքին, որ Հունգարիան վերջերս ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, դա Օրբանին պաշտոնական լիազորություններ չի տալիս ներկայացնել Եվրամիությունը արտասահմանում:

Եվրոմիությունն արտասահմանում ներկայացննելու իրավունքը վերապահված է Բորելին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ