ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ բարեկամական խմբի անդամ Գեղամ Մանուկյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:
ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական հարցերին և մի շարք այլ խնդիրների։
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով տիկին դեսպանին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների՝ պատմականորեն ձևավորված բարեկամությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի ու Սիրիայի ունեցած շահերի և, ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։
Զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ հուլիսի 15-ին կայանալիք Սիրիայի խորհրդարանական ընտրություններից հետո կարճ ժամանակում կձեւավորվի ՀՀ ԱԺ–ի հետ բարեկամական խումբը եւ կվերսկսվի միջխորհրդարանական համագործակցությունը։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը