01 07 2024

Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը. Անդրանիկ Թևանյան

Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլական ընտրակեղծիքներ

————————

Նիկոլ Փաշինյանը ստում է՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրին է վերագրված։ Ընտրակեղծիքն իր ձևն է փոխել։ Այն դարձել է ցինիկ ու «հեղափոխական»։

Նախ Նիկոլ Փաշինյանի օրոք ամբողջությամբ օգտագործվում է վարչական ռեսուրսը, ինչը նախկիններն էլ էին անում։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին առերևույթ չկա ընտրակաշառք, ինչը կար նախկինների օրոք, բայց հսկայական գումարներ են օգտագործվում, որոնց ծագումը ապօրինի է։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դա արձանագրվեց․ ՔՊԿ–ն ապօրինի ձևով էր համալրել իր նախընտրական հիմնադրամը հսկայական գումարներով։ Այդ ամենն արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։

«Տասովշիկների» մասով․ դրանց ծառայություններից նիկոլենք չեն հրաժարվել։ ՀՀԿ–ական բազմաթիվ «տասովշիկներ» 2018–ից հետո դարձել են ՔՊԿ–ական։

Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը։ Ըստ այդմ՝ ընտրողների տված քվեները խմբագրվում ու վերանայվում են ընտրություններից հետո։ Դա հատկապես երևաց ՏԻՄ ընտրություններում։ Մարդիկ քվեարկում են ոչ ՔՊԿ–ական ուժի օգտին, բայց ընտրություններից հետո այդ ուժի ներկայացուցիչներին կա՛մ կալանավորում են, կա՛մ կաշառում ու գնում։

Այդպես եղավ Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում և մյուս համայնքներում։ ՔՊԿ–ն չստացավ մեծամասնություն, բայց ստվերային գործարքի կամ ապօրինի հետապնդման արդյունքում վերցրեց իշխանությունը, ինչն ընտրողի տված քվեի բռնաբարություն է։

Վերջին օրինակը Երևանի ավագանու ընտրությունն է։ Մայրաքաղաքում ՔՊԿ–ն ունի փոքրամասնություն և անգամ իր քույր կառույցի հետ չունի ավագանու կեսից ավելի ձայներ, բայց քաղաքապետի պաշտոնին մնաց ՔՊԿ–ականը, քանզի «անասնագողություն» տեղի ունեցավ և ընդդիմադիր բառապաշարով քվե ստացած ուժերից մեկը գործարքի գնաց նիկոլենց հետ։ Զուտ ֆորմալ առումով օրենքը չխախտվեց, բայց ակնհայտ է, որ գռեհիկ առևտրի արդյունքում բռնաբարվեց երևանցու քվեն, որը հստակ տվել էր իշխանափոխության «մեսիջ»։ Ու չնայած այս ամենին, Երևանի ընտրության գլխավոր արդյունքներից մեկն այն էր, որ գործնականում ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս փոքրամասնության ներկայացուցիչ է։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրակեղծիքը դարձել է հետընտրական։ Նախընտրական ու բուն ընտրական մասշտաբային կեղծիքներից նա առայժմ ձեռնպահ է մնացել հանգամանքների բերումով։ Հենց դրա կարիքն ունենա, այդ քայլին էլ կգնա, բայց դա արդեն իր համար կդառնա «գերեզմանոցային»»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ