Zham.am-ը գրում է․ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ դեմ արտահայտվելով տարածաշրջանի գործերում արտաքին «խաղացողների» միջամտությանը:
«ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես բացատրեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների առկայության ապակայունացնող հետևանքները», - ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը։ «Կովկասում խաղաղություն և կայունություն պահպանելու, Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ կառավարությունների միջև ավելի սերտ համակարգում և փոխգործակցություն է անհրաժեշտ»,- նշել է նա:
Խովաևն ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ և «այս առումով նշել է երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ» Հարավային Կովկասի հարցերում, ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների այս հատուկ հայտարարությունը, ըստ ռուս և իրանական փորձագետների, ուղղված է եղել առաջին հերթին՝ Հայաստանին, որը սեպարատ կարգով փորձում է տարածաշրջանում ակտիվ դերակատարություն տալ ԱՄՆ-ին, ով գրեթե սառը պատերազմի մեջ է գնտվում, թե՛ Իրանի, և թե՛ Ռուսաստանի հետ:
Ի դեպ, Ադրբեջանը ակտիվորեն փորձում է լավացնել իր հարաբերությունները Իրանի հետ, ինչի վկայությունն էին վերջերս անցկացված համատեղ զորավարժությունները:
Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր հարաբերությունները բարձրացրել է գրեթե ռազմավարական մակարդակի:
Այս ֆոնին Փաշինյանի միտումնավոր քաղաքականությունը՝ վատացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, գրեթե իդեալական միջավայր է ստեղծում Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքը գրավելու համար:
Այդ տեսանկյունից պաշտոնական Բաքուն ուշի-ուշով հետևում է, թե ինչպես է փոփոխվում Մոսկվայի և Թեհրանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Եթե Փաշինյանը անցնի այդ «կարմիր գիծը», ապա անխուսափելի կլինի Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի գրավումը, որը կբերի Հայաստանի պետականության կազմաքանդման:
Ինչո՞ւ է Փաշինյանը վարում այսպիսի քաղաքականություն, կա՞ արդյոք այս ամենի մեջ միտում, դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը