14 06 2024

Պուտինը հայտնել է Ուկրաինայի դեմ կրակը դադարեցնելու պայմանները

Պուտինը հայտնել է Ուկրաինայի դեմ կրակը դադարեցնելու պայմանները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները:

«Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում: Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել է ՌԴ  նախագահը:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:

«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել է Պուտինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ