Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ամբիոնից ելույթ է ունեցել և ասել, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը կանգնի Տավուշի կողքին: Իշխանությանն էլ զգուշացերել է, որ նման քայլի չգնա, հատվածական սահմանազատում չիրականացվի: «Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու, անվտանգության համար ծառեր տնկելու առաջարկ անի:
Աշխարհում չլսված անվտանգության մեթոդ է, ծառ ես տնկում` անվտանգ է լինում: Էդ որ ասում էր, ոչ մի միլիմետր գյուղից չեմ տալիս, հերիք չի գյուղը կիսում է հերիք չի, մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: Գառնիկ Դանիելյանի խոսքով` Տավուշը պայքարեց, մաքառեց, ցույց տվեց, թե ինչքան շատ է սիրում իր հայրենիքը:
«Սրբազանի հետ մենք նախաձեռնեցինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը և երկար ճանապարհ անցանք: Ապացուցեցիք, որ հայ ժողովուրդն արժանապատվություն էլ ունի, նամուս էլ ունի ու տեր ա իր հայրենիքին, զիջելու բան չունի»,- հայտարարեց պատգամավորը: Նա նշեց, որ Տավուշից դեպի Երևան ճանապարհին կարկուտ ու անձրև էր, իսկ Երևանում արև է, շաբաթներով քայլել են, սակայն չեն հոգնել: «Խնդրում եմ, չհոգնեք այս պայքարից, պայքարեք հանուն հայրենիքի, հանուն հող ու ջրի, հանուն մեր ապագայի:
Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Ժողովուրդ ջան, ոնց սկսել ենք, այդպես էլ շարունակում ենք ու բոլոր հաղթանակները մերն ա լինելու»,- եզրափակեց Գառնիկ Դանիելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը