Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Հայաստանը, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները լիովին համապատասխանում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին», - նշել է գլխավոր քարտուղարը։
Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը, ընդգծել է նա։
«ՀԱՊԿ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցության մեջ հավատարիմ են մնում բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը: Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը: Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այս դեպքում գործի կդրվեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել», - նշել է գլխավոր քարտուղարը։
Ըստ Թասմաղամբետովի՝ ՀԱՊԿ-ն իր աշխատանքում հաշվի է առնում ՆԱՏՕ-ի ակտիվությունը Անդրկովկասյան տարածաշրջանում, սակայն ՀԱՊԿ-ն առաջարկում է «փափուկ» դաշինք, որը ենթադրում է հարգանք մասնակից երկրների ինքնիշխանության նկատմամբ և դաշինքային խիստ կարգապահության բացակայություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը