19 03 2024

Ուղերձս Երևանին ու Բաքվին նույնն է․ Ստոլտենբերգ

Ուղերձս Երևանին ու Բաքվին նույնն է․ Ստոլտենբերգ

Ես խորապես հավատացած եմ, որ խաղաղության հասնել հնարավոր է, այսինքն՝ այո, դա իրատեսական է, քանի որ ընթացիկ բանակցությունների շրջանակում որոշ հիմնարար սկզբունքների շուրջ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել: Դրանց շարքում է, օրինակ, հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է խաղաղության հեռանկարը:

«Այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, այսինքն՝ այն չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան, բայց մենք աջակցում ենք այդ սկզբունքներին, նաև հավատում ենք, որ հնարավոր է հաղթահարել, լուծել առկա տարաձայնությունները:

Կարող եմ խոսել նաև իմ երկրի՝ Նորվեգիայի օրինակով:

Մենք սկանդինավյան տարածաշրջանի մաս ենք, որտեղ դարեր շարունակ պայքար է ընթացել նորվեգացիների, շվեդների, և դանիացիների միջև: Այժմ մենք խաղաղ ենք ապրում: Իհարկե, սահմանի հետ կապված հարցեր էլ կան, որոնք երբեք էլ լիակատար չեն համաձայնեցվի, բայց դա անցյալում է, մենք բոլորս հարգում ենք իրար՝ որպես անկախ ինքնիշխան պետություններ:

Նույնը կարող ենք տեսնել եվրոպական այլ երկրների դեպքում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, որոնք պատերազմների մեջ են եղել հարյուրավոր տարիների ընթացքում, բայց այսօր այդ երկրները կայուն խաղաղության մեջ են ապրում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է, որ իր ուղերձը Երևանին նույնն է, ինչ Բաքվին: «Երկու կողմն էլ պետք է տեսնեն այդ հնարավորությունը, հաղթահարեն հակասությունները և համաձայնության գան տևական խաղաղության շուրջ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ