18 03 2024

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ոսկեպարի հանդիպումից

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ոսկեպարի հանդիպումից

Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակետը։

«Ամենակարևոր ասելիքն այն օրվա ասուլիսի ասելիքն էր՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ», - ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի՞նչ առաջարկեց, ի՞նչ մտքերով էր եկել՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։

«Բնականաբար, մեզ էլ են ասել, և մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Եվ մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այնպիսի մի հարց պետք է չլինի, որը մնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցին», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ «այդ պատասխանով է՞ր եկել այսօրվա հանդիպմանը», վարչապետն ասաց. - «Որոշ հարցերին այո, պատասխանով էինք եկել, բայց որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլև հարցերը հավաքելու և այդ հարցերը կառավարության սեղանին՝ որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»։

Ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ մարդկանց մտահոգությունները և անվտանգությունը, ապագայի նկատմամբ նրանց հավատը գործնականում պետք է «տեղում ցույց տալով, կառուցակարգերով հիմնավորեն»։

Մանրամասները՝ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ