13 03 2024

Հայաստանի համար շատ մութ ու անհանգիստ ժամանակներ են գալիս. Ասլան Ռուբաև․ Alpha News



Ռուս քաղաքագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները:

Փորձագետի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հող է նախապատրաստել ՀԱՊԿ-ից դուրս գալու համար:

«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին վերջին հայտարարությունները չեն կարող տագնապ չառաջացնել։ Բայց պետք է ասել, որ Հայաստանն, այնուամենայնիվ, առաջիկայում կլքի այդ կառույցը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն հող է նախապատրաստել դուրս գալու համար։ Ցավոք․ մենք տեսնում և արձանագրում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները միակողմանիորեն փլուզվում են։ Փաշինյանը Մոսկվային, հետևաբար նաև ՀԱՊԿ-ին, մեղադրում է անգործության մեջ։ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ փնտրելու է անվտանգության այլընտրանքային կազմակերպություններ։ Հավանաբար, նա ակնարկում է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը տարածաշրջանում։ Սա շատ լավ տեղավորվում է Ֆրանսիայի նախագահի և Սպիտակ տան արտաքին քաղաքական արկածախնդրության մեջ։

Այսինքն՝ հավաքական Արևմուտքն այսօր ուզում է դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից և այնտեղ մտցնել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունը։ Եվ Փաշինյանը դրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ։ Մենք տեսնում ենք, որ այն ուղղված չէ Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններին։ Մենք տեսնում ենք, որ նա նպատակ չունի կառուցողականորեն զարգացնել Հայաստանը։ Ցավոք, Փաշինյանը հայամետ ուժ չէ և պատրաստ չէ պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Դա այսօր արդեն բացարձակ ակնհայտ է դարձել բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հասկանում դա։

ՀԱՊԿ-ից դուրս գալը դժբախտության հսկայական հեղեղ է բացում Հայաստանի համար, որովհետև Հայաստանը կորցնում է իր անվտանգությունը: Նա կորցնում է այն վահանը, որը երկար տարիներ պաշտպանել է Հայաստանը», — ասել է Ռուբաևը։

Քաղաքագետի խոսքով՝ այն դաշնակցային հարաբերությունները, որոնք կառուցվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև, ցավոք, կորցրել ենք։

«Այսօր մենք պետք է ասենք, որ այն դաշնակցային հարաբերությունները, որոնք կառուցվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև, ցավոք, կորցրել ենք։ Մենք կորցրել ենք մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջը Հարավային Կովկասում։ Հայաստանը գլխավոր դաշնակիցն էր։ Այսօր ես կանխատեսում եմ, որ մենք այլևս դաշնակիցներ չենք լինի, ինչի հետևանքով Հայաստանը կկորցնի հսկայական տնտեսական ներուժ։ Մեր հարաբերություններն առաջիկայում կփչանան և կհիշեցնեն Վրաստանի հետ հարաբերությունները։

Ցավոք, Փաշինյանն այսօր գործում է հայ ժողովրդի շահերին հակառակ։ Բայց Մոսկվան պատրաստ է Հայաստանի կողմից կառուցողական գործողությունների, որոնք, ցավոք, դեռ չկան։ Հուսանք՝ այս թյուրիմացությունը դրական լուծում կստանա, բայց ես վախենում եմ, որ մենք այլևս գործընկերներ և դաշնակիցներ չենք լինի։ Եվ Հայաստանը շատ շուտով կգնա հակառուսական և կոշտ հռետորաբանության ճանապարհով։ Դրա համար աշխատում է ողջ հայկական համայնքը, փորձագիտական հանրությունը և այն էլիտայի մի մասը, որն այսօր որոշումներ է կայացնում Հայաստանում։ Այդ պատճառով Հայաստանի համար շատ մութ ու մշուշոտ ժամանակներ են սկսվում», — եզրափակել է Ռուբաևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ