Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախցիներին բնակարաններով ապահովելու թեման շատ քննարկվեց, սակայն դրա հիմնական դիսկուրսը ոչ թե սկզբունքների, այլ պարզապես իշխանության առաջադրած առևտրի շուրջ է:
Այս թեմային տարբեր տեսանկյունից դեռ շատ անդրադարձ կլինի, սակայն մի կարևոր հարց, կարծես, ընդհանրապես չի քննարկվում:
Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների ընտանիքների հարցը պետք է առաջնային լուծում ստանա, ընդ որում` ոչ թե սերտիֆիկատների, այլ կոնկրետ բնակարանների գնման և հանձնման ձևով:
Հատկապես Արցախում կային ընտանիքներ, որտեղ մեկ ընտանիքում 2-3 զոհ կար և այս պարագայում նրանց հարցը պետք է լրիվ այլ սկզբունքների ներքո դիտարկել:
Որևէ ձևով չնսեմացնելով բնակարանային կարիք ունեցող մեր հայրենակիցների խնդիրները, սակայն կարծում եմ` հրատապ կարգով պետք է լուծվի զոհված զինծառայողների ընտանիքների հարցը, իսկ հետագայում, ըստ առաջնահերթությունների, գնալ մյուս բոլոր խմբերի կարիքների գնահատմանն ու բավարարմանը, որպես հաջորդ առաջնահերթ խնդիր սահմանելով, օրինակ` 1-ին կարգի հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների, Արցախի ու Հայաստանի հերոսների, Հայաստանի ու Արցախի մարտական խաչ 1-ին աստիճան ստացածների ընտանիքներին, հրատապ ռեժիմով բնակարաններ ապահովելու ճանապարհով:
Ես այսպես դեռ միայն օրինակների և կարևոր առաձնահատկությունների մասին եմ խոսում, սակայն, ըստ խմբերի, պետք է սահմանել առաջնահերթությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը