05 03 2024

2020-ից հետո դժվար է հասկանալ մարդկանց, որոնք էս իշխանությանը հավատում են․ Լևոն Քոչարյան



 «Մեր պայքարն իշխանության համար չէ մոտեցումը պետք է փոխենք․ մեր պայքարն իշխանության համար է․ որովհետև իշխանությունը ո՛չ խորհուրդներ է ընդունում, ոչ էլ կարողանում  է իր ճիշտ գործողություններով բերել ազգի համար ցանկալի արդյունքի»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության հետ մարտի 3-ին Չարենցավանում հանդիպման ժամանակ ասաց ներկաներից մեկը։ Նա նաև հարց ուղղեց ոստիկանության բռնությունների և համակարգը ներսից փոխելու մասով։

Քաղաքացու հարցին ի պատասխան, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց․ «Նախ ինչո՞ւ ենք մենք ասում, որ մեր պայաքարն իշխանության համար չէ։ Որովհետև շատ ենք լսում, որ ասում են՝ այ տեսեք, պաշտոնների համար են կռիվ անում, պաշտոններ են ուզում։ Խոսքն այս մասին է, որ նպատակը պաշտոն ունենալը չէ, նպատակը ազատվելն է էն իշխանություններից, որոնք տեսել ենք, թե ինչի են հասցրել մեր երկիրը, մեզ բոլորիս։ Խնդիրն այս իշխանություններից ազատվելն է և ազգային ուղղվածությամբ իշխանություն ունենալը, որը ոչ թե կսպասարկի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, այլ մեր։ Բնականաբար, եթե մենք քաղաքական ուժ ենք, մենք էդ պատասխանատվությունից չենք խուսափում։ Ուղղակի նպատակն ուզում ենք ասել ոչ թե գնալն է այդ աթոռն ունենալու։ Բացարձակ դա չէ»։

Լևոն Քոչարյանն ասաց, որ փոփոխությունը կարող է լինել, եթե լինի ուժ, միասնականություն, համախմբվածություն։ Նշեց, որ իշխանությունը ոստիկանության միջոցով փողոցային պայքարի դեպքում ապօրինությունների է դիմում, բռնություն է կիրառում, ապա քրեական գործեր հարուցում, որպեսզի քաղաքացիները վախենան։ Սակայն դա ճանապարհ չէ։

Լևոն Քոչարյանի խոսքով, եթե շատերն այս իշխանության ապօրինությունները հասկացան 2020 թվականից, ապա ինքը և շատերն էլ 2018 թվականից են զգացել ու հասկացել, թե երկիրը որ ուղղությամբ է տարվում։ «Գոնե մինչև 2020 թվականը ինչ-որ տեղ հասկանալի էր, թե ինչու կարելի էր հավատալ այս իշխանություններին, բայց դրանից հետո դժվար է հասկանալ էն մարդկանց, որոնք շարունակում են հավատալ, շարունակում են հետևել այսօրվա իշխանություններին։ Ցավոք, էն վիճակին մեզ հասցրեցին, որ ամենավատ երազում նույնիսկ չէինք կարող պատկերացնել»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ