Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումում թեմատիկ քննարկման ժամանակ ասել է, որ հայ-թուրքական կարգավորումը շատ կարևոր հարց է և որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:
«Մոսկվայում հանդիպման ժամանակ մենք նշել ենք հայ-թուրքական կարգավորման գործընթացի հիմնական չափորոշիչները և կողմ ենք ամբողջական կարգավորմանը», -ասել է Քըլըչը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Թուրքիայի տեսանկյունից՝ սա ոչ թե կարգավորման, այլ երկու երկրի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է:
«Կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք վստահության ամրապնդման համար: Պետք է կենտրոնանանք այն պահերի վրա, ոնք մեզ միավորում են, այլ ոչ թե բաժանում: Հակառակ դեպքում կողմերի միջև հեռավորությունն ավելի կմեծանա», - ասել է թուրք դիվանագետը:
Վերջինս նաև նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը