Հայաստանը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության(ՆԱՏՕ) առաքելությունում (Բրյուսելում), Եվրոպայում անվտանգության համագործակցության (ԵԱՀԿ) առաքելությունում (Վիեննա) և Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարությունում (Մոնս) իր ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է փետրվարի 15-ի նիստում։
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրա ընդունումը նախարարության հաստիքների ավելացում չի ենթադրում, այն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների համար, ունենալով մեկ իրավական կարգավորում, հնարավորություն կստեղծի պարտականությունների առավել լիարժեք և արդյունավետ իրականացման համար:
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, Նախարարությունն առաջարկում է ռազմական հարցերով պետական խորհրդականի և ներկայացուցչի քաղաքացիական ծառայության հաստիքների փոխարեն սահմանել ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ, ընդ որում, հաստիքային փոփոխությունները չեն սահմանափակում տվյալ պաշտոնները զբաղեցրած անձանց հետագա պաշտոնավարումը մինչև փոփոխությունը զբաղեցրած պաշտոնում կամ հավասարազոր պաշտոնում՝ զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետ կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կնքվող նոր պայմանագրով:
Բացի այդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական հատուկ ծառայողների համար սահմանված հավասարեցումը տարածվում էր այդ մարմինների քաղաքացիական ծառայողների վրա: Միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների հաստիքները զինվորական դարձնելու հանգամանքը պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելով այդ հավասարեցումը չի պահպանվում: Հետևաբար, նախարարությունը պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելիս քաղաքացիական ծառայողների պաշտոնների ենթախմբի իջեցումը նպատակահարմար չի համարում:
Միջազգային կազմակերպություններում ներկայացուցչի և պետական խորհրդականի փոխարեն ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ ունենալը բխում է նաև տվյալ միջազգային կազմակերպություններում ձևավորված միջազգային պրակտիկայով, որտեղ պետությունների պաշտպանական և ռազմական հարցերով ներկայացուցիչներն առավելապես զինվորականներ են, բացի այդ միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների գործունեությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ իրար հաջորդող եռամյա փուլերով ծառայությունն ապահովելու նպատակով:
«Հետևաբար, միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների հաստիքները քաղաքացիական ծառայությունից զինվորական ծառայության անցնելը իրավական տեսանկյունից պայմանավորված է հետևյալ նկատառումներով.
Որոշման նախագծի ընդունումով կրճատվում է նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը, որը տևական ժամանակ թափուր է և ՀՀ պաշտպանության նախարարություն-ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակներում տվյալ հաստիքի հետագա պահպանումը այլևս նպատակահարմար չէ:
Այսպիսով, Նախագծերի ընդունմամբ սահմանվում են.
1) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
2) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
3) Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը.
4) կրճատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչի հաստիքը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը