09 02 2024

Հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չունենք. փոխվարչապետ

Հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չունենք. փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ հունվարի 31-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ հարցեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ, հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Մենք ունենք մի աշխատակարգ, որը երկու երկրները հաստատել են, և ունենք պայմանավորվածություն, որ հանդիպումների արդյունքներով մենք մնում ենք տեղեկատվական այն շրջանակներում, որը պաշտոնապես հրապարակվում է», - նշել է Գրիգորյանը:

Խոսելով հաջորդ հանդիպման շուրջ պայմանավորվածությունների մասին, Գրիգորյանը նշել է. «Հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չունենք, բայց կարծում եմ, որ մենք այն կկազմակերպենք մոտ ժամանակներում: Մենք հանձնաժողովների հանդիպումների ընթացքում քննարկում ենք բազմաթիվ հարցեր: Ավելի մանրամասն տեղեկություններ հիմա չեմ կարող հայտնել»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե հունվարի 4-ին փոխանցված խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներում ներառված է նաև քարտեզներն ամրագրելու վերաբերյալ հարցը, Գրիգորյանը նշեց. «Մենք մի քանի անգամ փորձել ենք բացատրել , թե ինչ տրամաբանության մասին է խոսքը: Ձգտում ենք, որպեսզի գործ ունենանք իրավական հիմքի և հենքի վրա ձևավորված տոպոգրաֆիկ քարտեզների հետ: Շատ կարևոր է, թե ինչ հիմքով են այդ քարտեզները կազմվել, ինչ իրավական հիմքովև հենքով են կազմել, և, որպեսզի այդ տրամաբանությունը բխի նաև Ալմա-Աթիի հռչակագրի տրամաբանությունից»:

Նրա խոսքով, սահմանազատման, սահմանագծման համար բազմաթիվ նյութեր են անհրաժեշտ, մեծ աշխատանք է դա և չի կարելի ասել, թե բոլորը կենտրոնացված են մեկ տեղում:

Այս հայտարարությունը Գրիգորյանն արեց ի պատասխան ՌԴ փոխարտգործնախարարի այն հայտարարությանը, թե սահմանազատման համար անհրաժեշտ նյութերը ռուսական կողմի մոտ են միայն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ