03 02 2024

«Կատարյալ անհեթեթություն». Բագրատյանը աձագանքում է Պապիկյանին

«Կատարյալ անհեթեթություն». Բագրատյանը աձագանքում է Պապիկյանին

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին՝ անդրադառնալով Փաշինյանի չկատարված խոստումներին, Պապիկյանի հայտարարություններին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած զգուշացում-հայտարարությանը:

Խոսելով Փաշինյանի չկատարված խոստումների մասին՝ Բագրատյանը ուշադրություն է հրավիրել թոշակառուների օր-օրի վատթարացող կյանքի և իշխանությունների ավելացող պարգևավճարների վրա:

«Ասեք մի խոստում, ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական, որ Փաշինյանն արել է։ 7-րդ տարվա բյուջեն են ընդունել, մի դրամ չկա մեջը կոռուպցիայից մուտք։ Փաշինյանը խոստանում էր Արցախի բարեկեցություն, եղա՞վ, թե՞ չէ, խոստանում էր ռեֆորմներ, եղա՞վ, թե՞ չէ. փոխարենը՝ ամեն օր ՔՊ-ականներին պարգևավճար են բաժանում: 6 տարվա արդյունքում թոշակներն աճել են 21 տոկոսով, գներն աճել են 33 տոկոսով, 12 տոկոս թոշակառուն վատ է ապրում։ Եթե թոշակառուն վատ է ապրում, կյանքի միջին տևողությունն իջնում է։ Թոշակառուներն իրա օրոք 4-5 տարի շուտ են մեռնում»,- նշել է նա։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հորդորել էր խուսափել ՀՀ մի շարք տարածքներ ուղևորությունից․ Գեղարքունիք, Վարդենիսից արևելք, Սյունիք, Գորիսից արևելք, Սյունիք, Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ: Նշվում էր, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր սահմանների մոտ։ 

«Ի տարբերություն Պապիկյանի հայտարարություններին, սա ավելի լուրջ է։ Հաճախ է լինում, երբ դեսպանությունը հայտարարում է՝ էստեղ մի գնացեք, վաղն էդտեղ պրոբլեմ է լինում, որովհետև նրանք ինֆորմացիա ունեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական վերնախավից։ Կարող է և չլինել։ Էստեղ մի ուրիշ բան կա, որ Վարդենիսի արևելքը ՀՀ-ինը չէ, ՀՀ վերահսկողության տակ չէ: Էդ տեսակետից նման հաղորդումները մեզ համար ինֆորմատիվ են»,- ասել է Բագրատյանը՝ արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը:

Սուրեն Պապիկյանի՝ սահմանին հարաբերական կայունության մասին հայտարարությունը, Բագրատյանը որակել է որպես «կատարյալ անհեթեթություն»:

«Կես ժամ առաջ կարող է ասել՝ կուտակում չկա, կես ժամ հետո՝ լինի։ Սա ռուս-ուկրաինական ճակատը չէ, որտեղ կուտակումների համար մի քանի օր է պետք․ տարածքները մի քանի տասնյակ կմ են։ Նստել, Հանրայինով հայտարարել՝ այս պահին կայուն է, նայում ես՝ էս գյուղը կայուն է, էն գյուղում են. կգան ստեղ էլի, ընդամենը կես ժամ է պետք։ Ընդհանրապես, էդ հաղորդումը դառել է հայկական պետությունը քանդելու հաղորդում, հիմար հարցեր՝ հիմար պատասխաններով»,- հավելել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ