Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կրկնում եմ նորից, ուշադիր՝ ՀՀ օրենսդրության, այդ թվում նաև Անկախության հռչակագրի և Սահմանադրության մեջ ՉԿԱ ՈՉ ՄԻ խնդիր Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության հետ: ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ՝ բացարձակապես ոչ մի խնդիր:
Պետք չէ ագրեսորի դիսկուրսը բերել մեր քաղաքական դաշտ, իսկ հետո էլ դրան իրավական տեսք տալ: Կրկնում եմ, ուշադիր - արցախահայությունը, համաձայն ԽՍՀՄ օրենքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի ԻՆՔՆՈՐՈՇՎԵԼ Է, ինչից ՀԵՏՈ ՄԻԱՅՆ, ուշադիր այս բառերին՝ հետո միայն, ՀԽՍՀ-ն որոշել է ինքնորոշված արցախահայությանը վերջինիս տարածքի հետ միասին միացնել իրեն:
Սա իրավաբանության ոլորտում և սա պարզից էլ պարզ է:
Քաղաքական մակարդակում՝ պարոն վարչապետ, թուրքը գալու է ԲՈԼՈՐ, ՀՀ տարածքում ապրող անխտիր ԲՈԼՈՐ հայերի հոգիների հետևից, ուզում ես ամենաթունդ ՔՊ-ական եղիր կամ ամենաթունդ քոչարյանական: Չի նայելու ով ես և չի նայելու իրավաբանությանը, եթե կարողացա՞վ, հարվածելու է, հարվածելու է, վստահեցնում եմ՝ նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետությունը վերանվանենք «Էրմենիստան» և պարտավորվենք, օրինակ, ՀՀ քաղաքացիների համար ՄԻԱՅՆ թուրքական անուններ օգտագործել, իսկ Հայոց պատմությունն էլ դպրոցներում արգելել:
Դուք կեղծ օրակարգի մեջ եք, ինչպես կեղծ էր տխրահռչակ այսպես կոչված «խաղաղության օրակարգը», եթե իրոք հավատում եք, որ որևէ օրենսդրական փոփոխությամբ կփոքրացնենք կամ կվերացնեք թուրքական հարվածի վտանգը, ապա դա ԿԵՂԾ, ոչ մի տեղ չտանող ուղի է:
Պետք է ուժեղ լինել, այլ ելք չկա՝ պետք է ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը