Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԲԴԽ-ն Նիկոլ Փաշինյանի որդու գործով որոշման համար նախազգուշացում է հայտարարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին՝ այն պատճառաբանությամբ, որ Փաշինյանի որդուն «առևանգողի» նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով փոխելիս նա շեղվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավակարգավորումներից, քանի որ վարույթն այդ պահին ուղարկված է եղել դատարան, թեև դատական քննության փուլում դեռևս անդրադարձ կատարված չի եղել մեղադրյալի խափանման միջոցին։
Մինչդեռ, նույն դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, բեկանելով մինչդատական վարույթում կալանքի մերժման վերաբերյալ դատական ակտը, կալանավորել էր մեղադրյալին, որի վերաբերյալ քրեական գործն արդեն վաղուց դատարան էր ուղարկվել և դատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը նույն ԲԴԽ-ն մերժեց, այն պայմաններում, որ դատավոր Դանիելյանի արարքում իսկապես կոպիտ խախտում կար, իսկ դատավոր Հովհաննիսյանը նման խախտում թույլ չի տվել։ Իսկ գիտե՞ք ինչու, … որովհետև Արմեն Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահին կալանավորած, իշխանության սրտի դատավորն է, իսկ Գրիգոր Հովհաննիսյանը՝ ՀՀ լավագույն դատավորներից մեկն է, ով հանդգնել է իրենց «շեֆի» որդու գործով օբյեկտիվ լինել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը