24 01 2024

Ալիևը 2.5 ժամ տևած հարցազրույցի ընթացքում գոյաբանական սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին․ Հարութ Սասունյան

Ալիևը 2.5 ժամ տևած հարցազրույցի ընթացքում գոյաբանական սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին․ Հարութ Սասունյան

2024 թվականի հունվարի 10-ին Բաքվի բռնակալ Իլհամ Ալիևը 2.5 ժամ տևողությամբ մամուլի ասուլիս տվեց ադրբեջանցի լրագրողներին, որի ընթացքում ոչ միայն իր հերթական ստերը շաղ տվեց, այլև սպառնաց հենց Հայաստանի գոյությանը։ Ահա 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում ռազմական հաղթանակներով ոգևորված Ալիևի չափազանց ամբարտավան և ահազանգող խոսքերի ուշագրավ կետերը։ 

Սկսենք նրանից, որ Ալիևը հայտարարեց՝ «այսօրվա Ադրբեջանը, բառիս բուն իմաստով, աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկն է»։ Սուտ է։ Ըստ globalfirepower.com կայքի՝ 2024 թվականի դրությամբ Ադրբեջանի զինուժը աշխարհում զբաղեցնում է 59-րդ տեղը։ Սա շատ հեռու է աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկը լինելուց։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ չլինեին թուրք գեներալների կողմից ադրբեջանական զինուժի անմիջական վերահսկողությունը և Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, Ադրբեջանը չէր կարողանա հաղթել Արցախին։ Ալիևն իր ասուլիսում խոստովանեց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը վայելել է Թուրքիայի ամբողջական աջակցությունը։

Ալիևը արդարացրեց Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները, նույնիսկ արցախահայության ցեղասպանությունը՝ ասելով. «Ես բազմիցս ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում։ Այդ մեխանիզմները կիրառվում են միայն ավելի թույլ երկրների համար։ Խոշոր պետություններն անտեսում են դրանք։ Իրենց համար օրենքը օրենք չէ, միջազգային իրավունքը օրենք չէ։ Նման պայմաններում, այն երկրները, որոնք  արդարություն են պահանջում, և արդարացիորեն այդպես է, պետք է իրենք ապահովեն այդ արդարությունը»:

Ալիևը խոստովանեց այն դժվարությունները, որոնց բախվել են Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականի պատերազմի ժամանակ. «Եթե պատերազմը շարունակվեր [2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո], շատ դժվար կլիներ ազատագրել Քելբաջարի և Լաչինի շրջանները, հատկապես ձմռան եղանակին։ Այնուամենայնիվ, մենք դա էլ կանեինք, բայց մեր կորուստները կարող էին չափազանց մեծ լինել, նույնիսկ ավելին, քան 44-օրյա պատերազմում։ Մենք բոլորս դա լավ գիտեինք, որովհետև նույնիսկ հիմա ցանկացած մարդ, ով այցելում է այդ շրջանները, կարող է տեսնել, թե որքան դժվարանցանելի է այդ հողատարածքը: Սակայն, եթե Հայաստանը չստորագրեր կապիտուլյացիայի ակտը, մենք պատերազմը շարունակելու էինք մինչև վերջ»։

Ալիևի հաջորդ սուտն այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը «ապօրինի զենք, զինամթերք, ականներ և կենդանի ուժ էր տեղափոխում Ղարաբաղ»։ Սա երբեք տեղի չի ունեցել: Ալիևը դա օգտագործել է որպես պատրվակ՝ Արցախի վրա հարձակվելու համար։

Ադրբեջանի նախագահը բացահայտեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ «տեղի հայերից ոմանք կապվել են մեր ներկայացուցիչների հետ և առաջարկություններ արել շփումների վերաբերյալ, և մենք չենք մերժել»։ Թշնամու հետ գաղտնի կապ հաստատած ցանկացած հայ պետք է համարվի դավաճան:
Այնուհետև Ալիևը ևս մեկ կարևոր խոստովանություն արեց։ Նա ասաց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակման ժամանակ «եթե նրանք [արցախահայերը] չհանձնվեին, նրանք կոչնչացվեին։ Այլ տարբերակ չկար»։ Ալիևն այսպիսով հաստատում է, որ Արցախի ղեկավարներին այլ ելք չէր մնացել, քան հանձնվել՝ 120 հազար արցախահայերի կյանքը փրկելու համար։

Ալիևը հաստատեց, որ ծրագրել էր Արցախի ղեկավարների ձերբակալությունը, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում․ «մեր դիրքորոշումն անջատողականների ղեկավարների նկատմամբ միանշանակ էր՝ նրանց գերեվարումը։ Նրանցից մի քանիսը փորձել են այնտեղից փախչել Լաչինի ճանապարհով, մյուսները հայտնաբերվել են Խանքենդիում [Ստեփանակերտում] և այլուր։ Մենք գիտեինք նրանց գտնվելու վայրերը»: Նա հավելեց, որ «այդ խմբից ընդամենը երկու մարդ է բացակայում, նրանք Երևանում են»։ Ալիևը նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Ալիևը բացահայտեց, որ անձամբ է զգուշացրել Նիկոլ Փաշինյանին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմից Արցախի վրա մոտալուտ հարձակման մասին. «Ես ասել եմ թե՛ Հայաստանի ղեկավարությանը, թե՛ միջազգային դերակատարներին, որ կարող եմ սեղմել կոճակը և կատարել այդ գործողությունը մեկ րոպեում, և նրանք ոչինչ չեն կարողանա անել»։
Ալիևը նաև իր զայրույթն արտահայտեց՝ Հայաստանին Ֆրանսիայի աջակցության կապակցությամբ, դատապարտեց այդ երկրի գաղութային անցյալը և պնդեց, որ իբր Փարիզը ցեղասպանություն է իրականացրել 1.5 միլիոն ալժիրցիների նկատմամբ։ Նա նաև ծաղրեց վերջերս Հայաստանի կողմից ֆրանսիական զրահափոխադրիչների ձեռքբերումը՝ դրանք անվանելով «թիթեղյա տուփեր», որոնք «իրական սպառնալիք չեն մեզ համար»։

Ալիևը նաև մերժեց Փաշինյանի վերջին նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը ենթադրվում է իրար կապել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և Իրանը։ Ալիևն ասաց, որ սա ընդամենը PR արշավ է, որը նպատակ ունի փոխարինել իր նախընտրած «Զանգեզուրի միջանցքին»: Անտեսելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ Ալիևը պնդեց, որ Հայաստանը պետք է թույլ տա ադրբեջանական բեռների անցումը Ադրբեջանից Նախիջևան Մեղրիով՝ առանց որևէ ստուգման կամ մաքսազերծման։ Եթե ոչ, Ալիևը զգուշացրեց, որ Ադրբեջանը կշարունակի Հայաստանի շրջափակումը։

Ադրբեջանի նախագահը պարծեցավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «Խաղաղության պայմանագրում» այլևս որևէ հիշատակում չկա Ղարաբաղի մասին։

Ալիևը հերքեց Փաշինյանի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև  փոխադարձ սահմանը սահմանազատել 1975 թվականի խորհրդային քարտեզների հիման վրա՝ նախընտրելով ավելի հին քարտեզները, որոնք, ըստ նրա, Ադրբեջանին էլ ավելի շատ տարածքներ են տալիս։ Նա նաև հիշատակեց այն ծիծաղելի միտքը, որ «Իրևանը» (Երևանը) հին ադրբեջանական քաղաք է։ Ալիևը նաև հայտարարեց, որ կան ութ ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։ Կարևորն այն է, որ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը դուրս չի բերի իր զինուժը Հայաստանի Հանրապետության տարածքի այն հատվածներից, որոնք բռնազավթել է 2021 թվականի մայիսից և 2022 թվականի սեպտեմբերից: Նա առաջարկեց Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել հիմա՝ սահմանի սահմանազատումը թողնելով ապագային։

Բախվելով Ալիևի պես ամբարտավան և ռազմատենչ ղեկավարի՝ Փաշինյանը պետք է դադարի խաղաղություն մուրալ, ինչը թուլության նշան է, և որը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ավելի շատ զիջումներ պահանջել Հայաստանից։ Հայաստանի գլխավոր երկու առաջնահերթությունները պետք է լինեն ձեռնհաս ղեկավար և հզոր բանակ ունենալը՝ իր երկու թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքները կանխելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ