Կառավարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն հրապարակվել է որոշման նախագիծը։ Նշենք, որ օրեր առաջ այս թեմայով հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչի համար է արվում այս փոփոխությունը, արդյոք խոսքը միայն ձևական փոփոխության մասին է, թե ոչ: Այս թեմայով մեկնաբանություն խնդրեցինք պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանից:
«Եթե հումորով մոտենալու լինենք հարցին, ապա պետք է ասել, որ ես ենթադրում եմ, որ կառավարության փառապանծ ներկայացուցիչները գտել են նիկոլ Փաշինյանի ասած ՀՀ կադաստրի կորած վկայականը, դրա համար այդպիսի դարակազմիկ որոշումներ են կայացրել: Պետք է որոշման մեջ տեսնել միայն քաղաքականը, այստեղ ոչ մի գիտական կամ մակկավարժական որևէ բան չկա:
Քաղաքականը տեղավորվում է վերջին տարիներին Փաշինյանի արած խայտառակ հայտարարությունների շրջանակներում, մասնավորապես, որ ՀՀ-ն կադաստրի վկայական չունի, Արագածին պետք է նայել, Արարատին պետք է չնայել, զինանշանն է վատ, որովհետև կենդանիները շատ են: Հայաստանի պատմություն ասելով իրենք որևէ լուրջ դարակզմիկ որոշում չեն կայացնում, իրենք ընդամենը հաճոյանում են նախապայմաններ թելադրող թուրք-ադրբեջանական կողմերին, որովհետև Հայաստանն իրենց պատկերացմամբ 29.800-ն է, Շուշին դժգույն և դժբախտ է, իսկ Արցախ էլ ընդհանրապես պետք չէ ասել:
2018-ին խարդախ և այլանդակ ճանապարհով իշխանության եկած մարդիկ իրագործում են այն պատվերները, որոնք գալիս են դրսից, տարալուծման և թիրախավորման են ենթարկվում ազգային ինքնության հիմնական մասը՝ հայոց պատմությունը, եկեղեցին, մշակութային ժառանգությունը: Թուրքիային և Բաքվին ազդակներ են հղում: Ուզում են անուղեղներ կրթել, որոնք շատ հեշտ կառավարելի կլինեն»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Դեմոյանը ճանաչում է որևէ պատմաբանի, որը նման առաջարկ է արել կառավարությանը, մասնագետը պատասխանեց.
«Այս իշխանությունները սիրում են գաղտնիքներ, ամեն ինչ գաղտնի են անում, նույն ձևով էլ հայտնի չէ այն մասնագետների անունները, որը մասնակցել են պատմության դասագրքերի փորձաքննությանը: Մենք այժմ նամակ ենք գրում նախարարին, որ հրապարակի այն պատմաբանների անունները, որոնք փարձագիտական կարծիք են տվել դասագրքերի հետ կապված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը