Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօերն Հայկ Դեմոյանը գրում է.
«Հանցանքը՝ որպես սխրանք
Ամենաշատը ինձ ապշեցնում է հանցանքի դիմաց չպատժվելու մարդկանց անհագ ցանկությունը: Ասում ես սա ես արել, փաստ կա, ահա քեզ փաստն ու փաստերը, բայց միևնույն է, մարդը փորձում է չտեսնելու տալ իր հանցագործության հետքերն ու հետագծերը: Առավել ցնդելու է, երբ այդ մարդու կամ մարդկանց շրջապատող անձինք քաջ գիտակցելով, որ բերված փաստերն ու փաստարկները անհերքելի ու անժխտելի են, միևնույն է, չտեսնելու են տալիս դրանք ու ոչ մի դեպքում հաշիվ չեն պահանջում իր/իրենց մերձավորից ու ընկերոջից: Այստեղից էլ ծնվում է արդարադատության ու արդարամտության երկու երեսները: Նա մերոնցական է, հետևաբար չպետք է պատժվի կամ նույնիսկ քննադատվի արածի համար: Այս ”ոսկե կանոնին” հետևում են նաև գիտության բնագավառի մարդիկ, որոնց երբեմն գիտնականներ ենք անվանում: Ինչու՞ քննարկել, քննադատել ու պարզաբանում պահանջել հանրային շահերը վնասող ու վտանգող յուրայինների գործողություններն ու արարքները, երբ այդ նույն մարդը դրամաշնորհ կարող է բերել, աջակցել արտասահման գիտաժողովի մասնակցության համար հրավեր ստանալիս, քեզ երաշխավորական նամակներ կգրի, վերջիվերջո նա կարող է նաև ինչ որ մի տեղ տեղավորվելու հարցում անփոխարինելի լինել:
Այստեղ սկսվում է մեկ այլ նորամուծություն` համահայկական նոր սպորտաձև տեսքով: Մերոնցականներին պետք է աջակցել լայքերով` ցանկացած հիմարություն էջին տեղադրելիս: Բա հո չեն հարցնի, սա կամ նա որ փաստեր է հանրայնացնում, դրանք ճիշտ են թե սխալ: Կարևոր է, որ մեր հավատարմությունն ու ներկան գրանցում ենք հավատարմության նշանով ու կյանքը գեղեցիկ ու գունեղ է շարունակում թվալ…
Անսկզբունքայնությունն ու անպատասխանատվությունը, պատվախնդրության ու արդարամտության բացակայությունը մտավոր շրջանակներում, այն հիմնապատճառներից մեկն են, որ ծնել են այսօրվա դժնդակ իրականությունն ու այն սպասարկող կերպարներին…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը