ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթը՝ ԱԺ ամբիոնից․
Մի ժամանակ գոյություն ունեին «սոցիալիստական աշխատանքի հերոսներ»: Այս կոչմանն արժանանում էին աշխատավորներից ամենալավերը: Ամեն դեպքում, միտքն այն էր, որ հայտնաբերեին, ոգևորեին, պարգևատրեին լավ աշխատողներին: Այլ հարց, որ աստիճանաբար մրցանակին արժանանում էին խնամի-ծանոթ-բարեկամ բանաձևին լավ տիրապետողները:
Հիմա սոցիալիստական աշխատանքի հերոսներին փոխարինելու են եկել մեր ժամանակի հերոսները: Կրկին գաղափարը նույնն է, հայտնաբերել, ոգևորել, պարգևատրել ամենալավ աշխատավորներին:
Խորհրդային Միությունում չէին հանդուրժի սոցիալիստական աշխատանքի այն հերոսներին, որոնք հանկարծ, անխոհեմաբար անզգույշ արտահայտվեին իրական հերոսների հասցեին: Ամենաքիչը՝ նրանք կզրկվեին կոչումից:
Այսօր մեր ժամանակների աշխատանքի հերոսը հայտարարում է.
«Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ», «Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել»:
Մի՞թե պետությունը օգտագործելով հանրային միջոցները, իրականացնում է մրցանակաբաշխություն, ծախսում 300 հազար դոլար, որ մեր ժամանակների հերոսը նման անթույլատրելի հայտարարություններ անի:
Մի՞թե մենք հերոս ենք համարում նրան, ով պնդում է, թե Ջերմուկին կամ Սոդքին հարակից տարածքներն ադրբեջանական են:
Մի՞թե մեր ժամանակների հերոսը պետք է անհարգալից արտահայտվի իսկական հերոսների և նրանց ծնողների հանդեպ:
Մեր ժամանակների, այսպես կոչված, հերոսը նաև ասել է. «Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»:
Երկիրը ոտքի չի կանգնում ոչ թե 18 տարեկան որդու շիրիմի մոտ կամ տանը որդու կարոտից տառապող մոր արցունքների, այլ այդ արցունքները չտեսնողների պատճառով: Երկիրը ոտքի չի կանգնում, երբ իրական հերոսներին չեն հարգում, երբ իրական հերոսների ծնողներին համապատասխան վերաբերմունք չեն ցուցաբերում, երբ անխոհեմություն են ունենում և ասում, թե պատերազմ էր, բա զոհեր էլ պետք է լինեին, ի՞նչ եք ողբերգություն սարքում:
Դուք պատկերացում չունեք, և Աստված տա, որ երբեք էլ չունենաք, թե ինչ է կատարվում որդու կարոտից տառապող մոր և հոր սրտերում: Զգույշ եղեք, երբ խոսում եք հերոսների, նրանց ծնողների և պատերազմի մասին:
Իրական հերոսների ծնողները թեև ամեն վայրկյան տառապում են կարոտից, բայց ողբերգություն չեն սարքում, նրանց գերակշիռ մասն ապրում է արժանի իրենց որդիների սխրանքներին: Նրանցից ոմանք անգամ կրկին մայր են դարձել, մյուսներին սովորեցնելով, թե ինչպես պետք է հաղթահարել այս մղձավանջը: Նրանք իրենց ուժերով պուրակ ու հուշաղբյուր են կառուցում՝ այն նվիրելով բոլորին:
Երբ սովորենք հարգել իսկական հերոսին, երբ սովորենք հարգել հերոսների ծնողներին, երբ իրենց իրական տեղը ցույց տանք նրանց, ովքեր հերոսների, նրանց ծնողների, երկրի, պետության, հայրենիքի մասին անհեթեթություններ են դուրս տալիս, և ոչ թե նրանց մրցանակ կամ պարգև հանձնենք, երկիրն աստիճանաբար ոտքի կկանգնի:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը