Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։ Մենք պահանջում ենք երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այլապես Ավինյանի և ընդհանրապես ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Այս թեմայով նախորդ տարի իմ ներկայացրած հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը չէր ընդունել վարույթ՝ ձևական պատճառաբանությամբ։ Դատարանի այդ որոշումը բողոքարկել էի ՀՀ վերաքննիչ դատարանում։ Վերջինս որոշել է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման վիճարկմանը վերաբերող հայցադիմումս պետք է ընդունել վարույթ, այսինքն՝ որոշել է, որ մենք ճիշտ ենք, իսկ Վարչական դատարանը՝ սխալ։ Այնպես որ Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման թեման դեռ փակված չէ։ Մենք իրավաքաղաքական բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք՝ ապօրինությունների դեմն առնելու համար։
Հ․Գ․ Ի դեպ, եթե դատարանն առաջնորդվի օրենքով և Տիգրան Ավինյանին պարտադրի լիազորությունների ստանձնման նոր նիստ գումարել, ապա մինչև այդ պահը նրա ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ ավագանու որոշումների կյանքի կոչումը, պետք է ուժը կորցրած ճանաչվեն։ Դա նշանակում է, որ, օրինակ, տխրահռչակ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների բարձրացումները ևս պետք է չեղարկվեն»,- գրել է Ս.Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը