29 12 2023

Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է. Քրիստինե Վարդանյան

Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է. Քրիստինե Վարդանյան

Քանի որ թեման վերաբերում է հայերի և հայկական ժառանգության պաշտպանությանն ու Ադրբեջանի գլխավոր գործընկեր պետություններից մեկին` ՀՀ պաշտոնյաները որոշել են ցուցաբերել իրենց դեպքում հնարավոր ամենամեծ օժանդակությունը և լռել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով՝  Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակման դեպքին:

«Երուսաղեմում` շուրջ 30 մարդկանցից կազմված խումբը հարձակվել է Հայկական թաղամասում գտնվող հայապատկան տարածքի վրա:

Քարեր են նետվել հայերի ուղղությամբ, մարդիկ վիրավորումներ են ստացել: Տեսանյութում երևում է` ինչպես են հայ հոգևորականները փորձում պաշտպանել հայապատկան տարածքը:

Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է: Նման հարձակումների մի քանի դեպք է գրանցվել վերջին շրջանում: Համայնքը` իր սահմանափակ ուժերով ինքնապաշտպանական խմբեր է կազմել և փորձում է պաշտպանել հայկական ունեցվածքը և ժառանգությունը:

Թեման այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ դրան անգամ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` կոչ անելով Իսրայելի իշխանություններին պաշտպանել կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները:

Ի՞նչ եք կարծում, ինչպես է թեմային արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն կամ պաշտոնական Երևանը: Քանի որ թեման վերաբերում է հայերի և հայկական ժառանգության պաշտպանությանն ու Ադրբեջանի գլխավոր գործընկեր պետություններից մեկին` ՀՀ պաշտոնյաները որոշել են ցուցաբերել իրենց դեպքում հնարավոր ամենամեծ օժանդակությունը և լռել:

Ընդհանրապես, կարող եք հիշել մի դեպք, երբ ներկա իշխանություն ներկայացուցիչները իշխանությունն օգտագործել են ոչ թե վոյաժների, ընտանիքի անդամների հարստացման, սեփական անվտանգության ապահովման, այլ հայ մարդու կամ հայկական ժառանգության պաշտպանության համար»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ