11 12 2023

Արցախցիների հանդեպ ատելության նոր փուլ է սկսվել, որն ավելի վտանգավոր է. Հովհաննես Խուդոյան



  «Խտրականությունն ու ատելության խոսքը արցախցիների հանդեպ նոր չէ: Մի քանի տասնամյակ ատելության խոսքը գեներացվել է: Մեր հանրության մեջ որոշակի փաստարկում կար, որ դա գուցե պայմանավորված լինի նախկինում ծագումով արցախցի իշխանության և ժողովրդի միջև առաջացած անջրպետով, բայց մենք կարող ենք պնդել, որ դա կեղծ փաստարկում է, որովհետև մեր ժողովրդի մեջ բնականից դա չի եղել, որ կոնկրետ անձանց խումբ թիրախավորվի: Դրա վառ ապացույցն այն է, որ այսքան արհավիրքներից հետո որեւէ մեկն իջեւանցիներին մի թթու խոսք չի ասում… Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ ատելությունը, վիրավորանքը, խտրականությունը, որ արցախցիների հանդեպ տասնամյակներով ձեւավորվել է, եղել է ուղղորդված, որոշակի նպատակներ հետապնդող, և այդ նպատակներից որոշների իրականացումը մեր օրերում արդեն իսկ տեսնում ենք»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

 «Այժմ նոր փուլ է սկսվել կամ շարունակվում է, որն ավելի վտանգավոր է: Եթե նախկինում ատելության խոսքը կամ խտրականությունը կարող էր դիտարկվել քաղաքական խոսքի համատեքստում և կենցաղում շատ ավելի քիչ արտահայտություններ էր ստանում, այսօր այդ խտրականությունն ու ատելությունն ուղղված են արդեն իրենց հայրենիքից վտարված, տարբեր լուրջ խնդիրներ և հոգեբանական ծանր վիճակ ունեցող արցախցիներին՝ արդեն Հայաստանի տարածքում: Ընդ որում, դա արդեն այնքան է արմատավորվել մեր բնակչության մեջ, որ դրանից ձերբազատվելը բավականին լուրջ պրոցես է: Բարեբախտաբար, դա քանակական ցուցանիշ չէ, երբ ասում ենք՝ շատ է և խորն է: Մեր բնակչության մեծագույն մասը ապրումակցում է Արցախի իր քույրերին եւ եղբայրներին, փորձում օգնել, օժանդակել, համատեղ գաղափարների իրականացման համար շարունակում իրենց ամենօրյա քայլերը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ