04 12 2023

Այդ բոլոր թեզերը հիմնված են այն կեղծ մոտեցման վրա, թե իբր Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ. Մինասյան



«Եթե Սովետական միության վերջին փուլում, սովետական օրենքներին համաձայն, Արցախն ու Հայաստանը գնացել են վերամիավորման լուծման տարբերակով՝ դիմելով իրավասու մարմիններին, ապա երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզվում էր, մինչ այդ Խորհրդային միությունն ընդունեց օրենք, թե ինչպես կարող են ինքնավար միավորները և հանրապետություններն անկախություն ձեռք բերել։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկար այդ մեխանիզմը։ Զուգահեռաբար ընթացող գործընթացներին համապատասխան՝ հանրապետությունները սկսեցին իրենց անկախության գործընթացը։ Եվ քանի որ այդ հնարավորությունը տրված էր նաև ինքնավար միավորներին, ինքնավար միավոր հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը որոշեց գնալ այդ ճանապարհով՝ անկախության ձեռք բերման ճանապարհով՝ որպես միջանկյալ քայլ վերջնանպատակին հասնելու համար։ Այն է՝ Հայաստանի հետ վերամիավորման արդյունավետ իրացում։ Եվ միջազգային, և  տվյալ պահին գործող խորհրդային օրենքներին համապատասխան ամենապաշտպանված մեխանիզմներն են գործադրվել՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից։ Խնդիրն այլ է, որ այս ամենին զուգընթաց տեղի էր ունենում նաև մյուս հանրապետությունների անկախության գործընթացը»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։

«Երբ Ադրբեջանը օգոստոսի 30-ին ընդունեց իր անկախության ակտը, սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն արդեն հայտարարեց իր անկախության մասին, սա ամբողջությամբ տեղավորվում էր հենց այդ պահին Խորհրդային օրենքների շրջանակներում։ Եվ երբ Արցախի Հանրապետությունն արդեն դեկտեմբերի 10-ի հանրաքվեով հաստատեց այս ամենը, արդեն ամբողջությամբ ու ԽՍՀՄ կանոնների համապատասխան ստացավ իր անկախությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

 Արծվիկ Մինասյանը  նշեց, որ փորձ է արվում ներկայացնել, որ իբր կա հակասություն ինքնորոշման իրավունքի առաջին ձևի՝ այն է՝ վերամիավորման և հետո անկախության ձեռքբերման ճանապարհի միջև, բայց դրանք սին հակասություններ են, իրականության հետ կապ չունեն։

«Այդ բոլոր թեզերը հիմնված են այն կեղծ մոտեցման վրա, թե իբր Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ։ Մինչդեռ, Արցախի ժողովուրդն իր իրավունքն իրացրել է վերամիավորման ճանապարհով, երկրորդ դեպքում՝ նաև հանրաքվեով՝ հաստատելով իրենց ինքնորոշման իրավունքի իրացման այս ճանապարհը։ Եվ Հայաստանը որդեգրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ճանապարհը։ Դա ամրագրված է թե Անկախության հռչակագրով, թե Գերագույն խորհրդի որոշմամբ և դա ամրագրված է ՀՀ Սահմանադրության նախաբանում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանն առնվազն մինչեւ 2020 թվականը հետևողականորեն որդեգրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը»։

Արձագանքելով ՔՊ-ական պատգամավորի դիտարկմանը, թե իբրև վերամիավորման ուղղությամբ քայլեր չեն արվել, Արծվիկ Մինասյանն ասաց.

 «Ճիշտ չէ, 1990 թվականի Գերագույն խորհրդում եղել են Արցախի ներկայացուցիչներ՝ պատգամավորական մանդատով օժտված։ Եթե ուշադիր ուսումնասիրեք Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ընդունված բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ նաև Գերագույն խորհրդում եղել է հանձնաժողով Արցախի և Հայաստանի վերաինտեգրման հարցով հանձնաժողով, ընդունվել են բազմաթիվ ակտեր։ Որպեսզի երևա, որ ինքնորոշման իրավունքի ընդունումը եղել է միջանկյալ քայլ, դրա վկայությունն է նաև այն, որ ՀՀ և Արցախի Ազգային ժողովների միջև եղել է համաձայնագիր, այդ համաձայնագրի համաձայն՝ գործել է երկու երկրների միջխորհրդարանական հանձնաժողով։ Եվ, ցավոք սրտի, վերջին արդեն 2-2․5 տարի է՝ այս հանձնաժողովը փաստացի չի գործում։

 Հետևաբար, բացարձակ համաձայն չեմ այն մտքի հետ, թե իբր վերաինտեգրման կամ վերամիավորման ուղղությամբ քայլեր չեն իրականացվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչությունները ունեցել են համապատասխան համաձայնագրեր Արցախի Հանրապետության գերատեսչությունների հետ՝ ըստ ոլորտային առանձնահատկությունների, այդ թվում՝ այդ թվում վերամիավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով։ Վերամիավորման հիմքերի առումով բոլոր համակարգերի ինտեգրացիա է գնացել։ Արցախում ՀՀ արժույթն է գործել, ՀՀ պաշտոնական լեզուն է գործել, Արցախում ՀՀ քաղաքացիների ազատ մուտք ու ելք է եղել, ինչպես Արցախի քաղաքացիների ազատ մուտք ու ելք է եղել Հայաստան։ Դատական իշխանության ատյաններում եղել է համագործակցություն, դատական արդարադատությունն իրականացվել է համատեղ դատական ինստիտուտների միջոցով։ Վերամիավորման բոլոր հիմքերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կատարվել են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ