Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Աբխազիայի ինքնիշխանությանը հակասող փաստ է համարել, և կոչ է արել հրաժարվել վրացամետ հռետորաբանությունից:
Այս մասին հայտնում է Sputnik Абхазия-ն:
«Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը, Արևմուտքի ազդեցության տակ, հայտարարություններ է անում, որոնք հակասում են Աբխազիայի Հանրապետության ընտրած ուղուն:
Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ պաշտպանել է «Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը», ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին:
Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին, ովքեր իր վարած քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը։
Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը։
Հիմնվելով իրերի փաստացի վիճակի վրա՝ «միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը» ամենահարմար բնութագրերն են Աբխազիայի Հանրապետությանը, ժողովրդավարական պետության, որը վերահսկում է իր ողջ տարածքը, որի անկախությունը ճանաչված է Ռուսաստանի Դաշնության կողմից և մի շարք այլ երկրների։
Մենք կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը արտաքին քաղաքականությունն իրականացնելիս հաշվի նստել փաստացի իրավիճակի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը