ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ է հանդիպել։
«Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման առիթով շնորհավորելով դեսպան Թըրներին և կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացումը, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության, դրա արդյունքում էթնիկ զտման փաստի վրա՝ ակնկալելով կատարվածի վերաբերյալ միջազգային հստակ գնահատական և գործնական քայլեր՝ առանց երկիմաստությունների։
Բարձրացվել է նաև ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց շուտափույթ ազատ արձակման խնդիրը։
Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի հայության համալիր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, դրանց զարգացման և առկա խնդիրների վերաբերյալ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը