Հայաստան էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներմուծելու և օտարելու համար սահմանված արտոնյալ պայմանները կգործեն ևս մեկ տարի, արտոնության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025-ի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ»,-ասաց փոխնախարարը:
Նշենք, որ 2022-ին ներմուծվել է 2681 միավոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, ինչը 2021-ի համեմատ աճել է 42.3 տոկոսով: Իսկ արդեն 2023-ի հունվար-նոյեմբերին ներմուծումը երրորդ երկրներից կազմել է մոտ 4496 միավոր, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը